Պաշտպանը նախաձեռնել է քննարկում հաշմանդամների ընտրական իրավունքի վերաբերյալ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի նախաձեռնությամբ այսօր «Անի Պլազա» հյուրանոցում տեղի ունեցավ հանդիպում
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի և հաշմանդամության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև:
Տիգրան Մուկուչյանը համապետական ընտրություններից առաջ կարևորելով այս հանդիպումը` ներկայացրեց, թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ինչպիսի հնարավորություններ և միջոցներ է ձեռնարկել առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց քաղաքացիական իրավունքը իրականացնելու ուղղությամբ: Դրանց թվում են թույլ տեսողությամբ և կույր անձանց համար բրայլյան համակարգով պատրաստված ընտրական ուղեցույցը, ԿԸՀ վեբկայքում հատուկ թույլ տեսնող քաղաքացիների համար բաժնի բացումը, որտեղ զետեղված է ընտրական ողջ գործընթացին վերաբերող տեղեկատվություն, 500 ընտրատեղամասերում հատուկ ոսպնյակների տեղադրումը, ինչը հնարավորություն կտա թույլ տեսողություն ունեցող անձանց հեշտությամբ լրացնել քվեաթերթիկները: Լսողությունից թույլ անձանց համար ԿԸՀ-ն պատրաստել է ընտրություններին վերաբերող սուրդո-թարգմանությամբ հանրային գովազդներ: «Խնդիրները շատ են, սակայն զգալի առաջընթաց այնուամենայնիվ նկատելի է»,- նշեց Տ. Մուկուչյանը:
ԿԸՀ նախագահը խոսեց նաև ընտրատեղամասերում թեքահարթակների տեղադրման մասին, որոնց թիվն այսօր հասնում է 84-ի, և մեկ շաբաթվա ընթացքում ակնկալվում է, որ այդ թիվը կմեծանա:
Պաշտպան Կարեն Անդրեասյանն իր հերթին արձանագրեց ոլորտում առկա խնդիրները, բայց նաև շեշտեց, որ բավական քայլեր ձեռնարկվել են խնդիրների վերացման ուղղությամբ: Պաշտպանի կարծիքով արդար ընտրությունները` բոլորի համար մատչելի ընտրություններն են:
Մտավոր հետամնաց երիտասարդների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արփի Աբրահամյանը հարց բարձրացրեց մասնավոր մի դեպքի վրա, երբ մորը թույլ չեն տալիս իր երեք մտավոր հետամնաց երեխաներին ուղեկցի քվեախցիկ, ինչի առթիվ ԿԸՀ նախագահը պարզաբանեց, որ Ընտրական օրենսգրքում այդ հարցը կարգավորված է. քաղաքացին իրավունք ունի քվեախցիկ ուղեկցել ընտրողին, ով ունի մտավոր կամ լուրջ առողջական խնդիրներ, միայն մեկ անգամ, իսկ ուղեկցողի տվյալները պետք է գրանցվեն գրանցամատյանում:
«Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանն էլ իր գոհունակությունը հայտնեց ԿԸՀ-ից` ընտրությունների նորմալ կազմակերպման գործընթացի համար, և շեշտեց, որ չի կարող չնկատել հաշմանդամություն ունեցող անձանց համար ընտրությունների ժամանակ առաջացող խնդիրների լուծմանն ուղղված քայլերը:
Հանդիպման ավարտին հասարակական կազամակերպության ներկայացուցչիները ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ իրենց հանդիպումը կազմակերպելու համար հատուկ շնորհակալություն հայտնեցին պաշտպան Կարեն Անդրեասյանին:
Պաշտպանը նույնպես շնորհակալություն հայտնեց ներկաներից և հույս հայտնեց, որ նման հանդիպումները հետագայում շարունակական կլինեն:


