Թիվ 194 դպրոցի աշակերտները ծանոթացան պաշտպանի գրասենյակին
Երևանի թիվ 194 դպրոցի աշակերտներն ու ուսուցիչներն այսօր ծանոթանում էին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին:
Պաշտպանի տեղակալ Գենյա Պետրոսյանը ներկայացրեց Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի պատմությունը, առաջին և երկրորդ Մարդու իրավունքների պաշտպաններին և առավել մանրամասն անդրադարձավ ներկայիս Պաշտպան Կարեն Անդրեասյանի գործունեությանն ու լիազորություններին:
Խոցելի խմբերի պաշտպանության և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության վարչության պետ Աիդա Մուրադյանն էլ իր հերթին ներկայացրեց, թե որ դեպքերում պետք է դիմել Պաշտպանին, երբ պետք է զանգահարել Պաշտպանի թեժ գծին: 
Նա ներկայացրեց նաև Պաշտպանի կայքէջն ու ֆեյսբուքյան էջը, որտեղ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ոչ միայն Պաշտպանի գործունեության, այլև Պաշտպանին դիմելու ողջ գործընթացի վերաբերյալ:
Աշակերտների կողմից հնչեցին բազմաթիվ հարցեր, որոնք հիմնականում վերաբերվում էին ընտանիքում, դպրոցում և այլ հաստատություններում երեխաների իրավունքների ոտնահարման դեպքերին: Ուսուցիչներին էլ հետաքրքրում էր, թե որքանով են իրենց իրավունքները պաշտպանված դպրոցում:
Հանդիպման ավարտին Աիդա Մուրադյանը երեխաների իրավունքների մասին տեղեկատվական գրքույկներ և Պաշտպանի արագ արձագանքման 116 թեժ գծի վերաբերյալ բուկլետներ բաժանեց դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին:


