Թեժ գիծ
116
ՈՒղերձներ
2011-04-01
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը դատավորներին
Մեծարգո դատավոր,
2010թ. մայիսի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում ապաքրեականացվեցին վիրավորանքի և զրպարտության հանցակազմերը, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում սահմանվեցին վիրավորանքի կամ զրպարտության միջոցով անձի պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման կարգը և պայմանները: Այս փոփոխությունների գաղափարը ողջունել է ԵԱՀԿ լրատվամիջոցների ազատության հարցերով ներկայացուցիչ Դ. Միյատովիչը1 և գնահատել է այն որպես խնդրի լուծման օրինակելի տարբերակ, ինչի մասին նշվել է նաև ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թ. Համարբերգի զեկույցում2:
Այնուամենայնիվ, անձի պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանությանն առնչվող դրույթների սահմանման նպատակային նշանակության տեսանկյունից մենք պետք է առավել կարևորենք դրանց հստակ մեկնաբանությունն ու պատշաճ կիրառումը: Ուստի, կցանկանայի մեկ անգամ ևս ընդգծել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայից բխող որոշ սկզբունքային մոտեցումներ, որոնք անհրաժեշտ է կիրառել Հայաստանի դատական պրակտիկայում:
- «Քաղաքական գործիչները պետք է առավել հանդուրժող վերաբերմունք ունենան մամուլի քննադատության նկատմամբ: Քննադատության թույլատրելի շրջանակները քաղաքական գործիչների դեպքում շատ ավելի լայն են, քան մասնավոր անձանց նկատմամբ քննադատության շրջանակները»,
- «Արտահայտվելու ազատության իրավունքի չարաշահման դեպքերում դատարանի կողմից սահմանվող փոխհատուցումը պետք է համաչափ լինի անձի հեղինակությանը հասցված վնասին»,
- «Պաշտպանված պետք է լինի ոչ միայն այն տեղեկատվությունը կամ գաղափարը, որն ընդունվում է բարեխղճությամբ կամ համարվում է անվտանգ և չեզոք, այլ նաև այն, որը վիրավորում է, պատճառում է ցնցում կամ անհանգստություն»,
- «Լրագրողական ազատությունը լրագրողի նթույլ է տալիս նաև դիմել որոշակի չափազանցության և նույնիսկ` սադրանքների»,
- «Պաշտպանվում է ոչ միայն գաղափարի ու տեղեկատվության բովանդակությունը, այլ նաև այն ձևը, որով այն ներկայացվել է»,
- «Ի տարբերություն փաստականտվյալների` անընդունելի է լրագրողից պահանջել ապացուցել իր հրապարակած կարծիքների, գնահատող դատողությունների և մեկնաբանությունների ճշմարտացիությունն ու հավաստիությունը»,
- «Արտահայտվելու ազատության իրավունքը կարող է սահմանափակվել այլոց հեղինակության կամ իրավունքների, հասարակական շահի, արդարադատության հեղինակության ու անաչառության պաշտպանության նպատակներով, որոնք, սակայն, պետք է ենթարկվեն խիստ սահմանափակ մեկնաբանության»,
- «Ազատորեն արտահայտվելու իրավունքն ընկած է ժողովրդավարական հասարակության հիմքում, այն ժողովրդավարական հասարակության և յուրաքանչյուր անհատի զարգացման հիմնական պայմաններից մեկն է» և այլն:
Ելնելով այս սկզբունքների պահպանման և միաժամանակ լրագրողների մասնագիտական էթիկայի ապահովման անհրաժեշտությունից` ավելի եմ արժևորում լրատվամիջոցների ինքնակարգավորման մեխանիզմների ստեղծումն ու լրագրողական վարքագծի կանոնագրքերի մշակումը: 2007թ-ից «ՙԵրևանի մամուլի ակումբ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետությունում գործում է ԶԼՄ-ների ինքնակարգավորման նախաձեռնության դիտորդ մարմինը, որն իրականացնում է Վարքականոնի պահպանման դիտարկում, քննարկում է դրա դրույթների խախտման վերաբերյալ դիմում-բողոքները և ընդունում համապատասխան եզրակացություններ: Ցանկալի է, որ անձի պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանությանն առնչվող վեճերի լուծումը իրականացվի հենց այս մարմնի կողմից` լրագրողական էթիկայի չափանիշներն արդյունավետ իրագործելու, չարաշահումները վերացնելու և լրատվամիջոցների անկախությունն ապահովելու նպատակով:
Այդուհանդերձ, եթե անձը նախընտրում է դիմել դատարան, ապա, վստահ եմ, որ Եվրոպական դատարանի նախադեպային նշանակություն ունեցող վերոհիշյալ մեկնաբանությունները և սկզբունքները կլինեն Ձեր կողմից ընդունված դատական ակտերի հիմքում:
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆª Կ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
________________________________________
1Դ.Միյատովիչի զեկույցը ԵԱՀԿ Մշտական խորհրդին, 2010թ.
2«Լրա•րողական էթիկա և մարդու իրավունքներ» վերլուծական զեկույց, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թ. Համարբեր•, 2011թ.


