Երևանի Դավիթաշեն թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկի բնակիչ Ս. Ս.- ն ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմում-բողոքում հայտնել է, որ հանդիսանում է Ա. Ս.-ի լիազորված անձը, իսկ վերջինս էլ հանդիսանում է բռնադատվածի առաջին հերթի ժառանգ:
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը, քննելով քաղաքացիական գործն ըստ դիմումի Ա. Ս.- ի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` պաշտոնատար անձի անօրինական գործողությունները վիճարկելու մասին` վճռել է [more] դիմումը բավարարել և Երևանի քաղաքապետարանին պարտավորեցրել է քննարկել Ա. Ս.-ի` հողհատկացման մասին դիմումը և օրենքով սահմանված կարգով կատարել հողհատկացում:
Վճիռը մտել է օրինական ուժի մեջ:
Երևանի քաղաքապետի վճռաբեկ բողոքները ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի որոշումներով ետ են վերադարձվել:
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա ԴԱՀԿ ծառայության Երևանի բաժնի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժանմունքի ավագ հարկադիր կատարող Գ. Ս.-ի կողմից կայացվել են կատարողական վարույթ հարուցելու և պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու մասին որոշումներ:
Պաշտպանի նամակին ի պատասխան ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևանի քաղաքային բաժնի պետ Ա. Ե.-ն հայտնել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից վճռի կատարման վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել, ուստի ԴԱՀԿ ծառայության կողմից Երևանի քաղաքապետարանին առաջարկվել է պատասխանել վճռի պահանջը կատարվել է, թե ոչ, սակայն պատասխան չի ստացվել:
Նկատի ունենալով, որ կատարողական վարույթ հարուցելու և պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու մասին որոշումների կայացումից հետո անցել էր երեք ամսից ավելի ժամանակ, սակայն վճռի պահանջը չէր կատարվում, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն, օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաuտանի Հանրապետության ամբողջ տարածքում և ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի համաձայն, պաշտոնատար անձի կողմից օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, վճիռը կամ դատական այլ ակտը դիտավորությամբ չկատարելը կամ դրանց կատարմանը խոչընդոտելը առաջացնում է քրեական պատասխանատվություն` Պաշտպանի կողմից կայացվել է որոշում Ա. Ս.- ի բողոքը կից փաստաթղթերով ՀՀ գլխավոր դատախազի քննարկմանը փոխանցելու մասին:
Դիմումը կից փաստաթղթերի հետ միասին ուղարկվել է Երևան քաղաքի դատախազության քննարկմանը:
Երևան քաղաքի դատախազը Պաշտպանին հասցեագրած նամակում հայտնել է, որ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի վճռի հիման վրա Երևանի քաղաքապետի որոշմամբ բռնադատվածի 1-ին հերթի ժառանգ Ա. Ս.- ին Գ. Չաուշի փողոցին հարող տարածքում բնակելի տան շինարարության նպատակով, սեփականության իրավունքով անհատույց տրամադրվել է 400 քմ մակերեսով հողամաս:
Պաշտպանի միջնորդությամբ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի վճռի պահանջները կատարվել են:
Թեժ գիծ
116