Որոնում

2012-02-19

Ո՞վ պետք է փոխհատուցի մահացած կամ հաշմանդամ դարձած օդաչուների ընտանիքներին, եթե ավիաընկերությունն այլեւս չկա

Հայաստանի քաղաքացիական օրենսգրքով, աշխատանքի վայրում դժբախտ պատահարներից մահանալու կամ կորուստներ կրելու պարագայում, երբ գործատու կազմակերպությունն արդեն լուծարվել է եւ չունի իրավահաջորդ, վնասի հատուցում կատարելու պարտականություն կրող կազմակերպություն նախատեսված չէ: Այս մասին նշված է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պատասխանում, որն ուղարկվել է լուծարված «Հայկական ավիաուղիներ» ընկերության հաշմանդամ դարձած կամ մահացած օդաչուների ընտանիքների գրավոր բողոքներին ի պատասխան:

Մասնավորապես, 2001թ-ին Իրանում հայկական ինքնաթիռի հայտնի վթարից հետո զոհված 46-ամյա օդաչու Համլետ Օհանյանի կինը` Լարիսան, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ ինքն ու իր դեռեւս անչափահաս 4 զավակները մնացել են միայնակ եւ գործազուրկի կարգավիճակում: 11 տարի է, ինչ ընտանիքը վիշտը սրտում մի դատարանից մյուսին է դիմում` կերակրողին կորցնելու համար իրենց հասանելիք գումարը ստանալու նպատակով, բայց ապարդյուն:

«Ամուսնուս կորստից հետո, օրենքի համաձայն, յուրաքանչյուր երեխաս պետք է ստանար ամսական 45 հազար դրամ գումար: 2008թ-ի դեկտեմբերից մինչ օրս կերակրողին կորցնելու գումարը չենք ստանում: Տվյալ վթարից հետո 5 ընտանիք կերակրողին կորցրել է եւ ոչ ոք այդ գումարը չի ստանում: Ծնողներ կան, որ իրենց միակ երեխաներին են կորցրել եւ այսօրվա դրությամբ նույնիսկ դեղի գումար չունեն»,-ասաց նա:

Բացի այդ, կան նաեւ հաշմանդամ օդաչուներ, որոնց հասանելիք գումարը եւս տարիներ շարունակ պետությունը չի վճարում: Լուծարված «Հայկական ավիաուղիներ» ընկերության աշխատակիցներն աշխատանքի բերումով մի շարք հիվանդություններ են ձեռք բերում: Օրինակ, ներկա դրությամբ, ըստ օդաչուների եւ նրանց հարազատների, օդաչուներ կան, ովքեր ընկել են օդանավի թեւից եւ ողնաշարն են կոտրել կամ ընկել են գլխի վրա եւ հիմա գլխի մեջ պլասմաս է դրված: Արցախյան ազատամարտի հերոսներ եւս կան, շատերն էլ լսողական նյարդի բորբոքում են ձեռք բերել եւ այլն: Սրանք այնպիսի հիվանդություններ են, որոնք շարունակական բուժման կարիք ունեն:

Վերջերս նրանց ընդունել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Նրանց փոխանցմամբ, Օմբուդսմենը վարչապետին նամակ է ուղարկել, որը վերահասցեագրվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը:

Վերահասցեագրած գրությանն ի պատասխան, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը, ի թիվս այլ տեղեկությունների, հայտնել է, որ Հայաստանում աշխատանքի վայրում դժբախտ դեպքերից եւ մասնագիտական հիվանդություններից աշխատողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման հարցերը կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան դրույթներով: Ըստ այդմ, իրավահաջորդի բացակայության դեպքում, վնասի հատուցում կատարելու պարտականություն կրող կազմակերպություն նախատեսված չէ: Այսինքն, դեռեւս կարգավորված չէ աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի եւ մասնագիտական հիվանդությունների հետեւանքով անձի կյանքին եւ առողջությանը պատճառված վնասի հատուցում ստացող այն անձանց խնդիրների լուծումը, որոնց պատճառված վնասի համար պատասխանատու կազմակերպությունները լուծարվել են 2004 թվականի օգոստոսի 1-ից հետո:

Վերոնշյալ անձինք իրավահաջորդ չլինելու պատճառով սահմանված վնասի հատուցման գումարները չեն ստանում, ինչից կարելի է եզրահանգել, որ ՀՀ կառավարության կողմից 2004թ. նոյեմբերի 11-ին ընդունված որոշման հետեւանքով, բազմաթիվ քաղաքացիներ զրկվել են իրենց հասանելիք փոխհատուցումը ստանալու իրավունքից, իսկ խնդրի հետագա կարգավորումն այդպես էլ չի իրականացվել:
Հաշվի առնելով, որ գրությամբ բարձրացված հարցերն ունեն հրատապ լուծման կարիք, քանի որ առնչվում են բազմաթիվ քաղաքացիների իրավունքներին եւ արդեն տեւական ժամանակ չեն ստանում իրենց լուծումը, ինչն իր հերթին հանգեցնում է Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների չկատարմանը`Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին խնդրել է հանձնարարել հնարավոր սեղմ ժամկետում ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ` բարձրացված խնդրի լուծման ուղղությամբ եւ արդյունքների մասին տեղեկացնել իրեն:

Տվյալ օրենքի բացից տուժած քաղաքացիներին ընդունած ՄԻ պաշտպանի տեղակալ Գենյա Պետրոսյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ համապատասխան պատասխանատու կազմակերպության լուծարման դեպքում, երբ չկա իրավահաջորդը, այդ փոխհատուցման միջոցները կատարվում են պետբյուջեի հաշվին: Սակայն 2004թ-ին այդ որոշման 1-րդ կետը ուժը կորցրած ճանաչվեց եւ տվյալ քաղաքացիները հայտնվել են տուժողի կարգավիճակում: Նա չհերքեց, որ վարչապետին ուղղված նամակ կա ՄԻՊ-ի կողմից, որով հիմնականում 2 հարց է բարձրացվում: 1-ին, որ այսուհետ կարգավորվի սոցապահովագրության մեխանիզմը տվյալ դեպքերի համար: Իսկ 2-րդով առաջարկում է, որ մինչեւ համապատասխան մեխանիզմի հաստատումը արդեն իսկ 2004թ-ից մինչ համապատսախան օրենքի ընդունման պահը այդ խումբ անձանց իրավունքների պաշտպանության եւ փոխհատուցման հարցը լուծվի:

 

 NEWS.am