Նորություններ
Հերթական հաղթանակ Սահմանադրական դատարանում
01/15/10
Ս.թ. հունվարի 14-ին կայացած նիստում Սահմանադրական դատարանը` բավարարելով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի դիմումը, ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչեց ՀՀ Սահմանադրության մի շարք դրույթների պահանջներին հակասող և անվավեր:
Հիշեցնենք, որ 2009թ. հունիսի 8-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը դիմել էր ՀՀ Սահմանադրական դատարան` խնդրելով որոշել ՀՀ քրեական օրենսգրքի 343 հոդվածի 1-ին մասի ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածներին համապատասխանության հարցը: ՍԴ դիմելու խնդրանքով Պաշտպանին դիմել էր նաև ՀՀ Փաստաբանների պալատը:
ՀՀ Քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. "Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրuեւորվել է վկայի կամ տուժողի կամ պաշտպանի դատարան ներկայանալուց չարամտորեն խուuափելով կամ դատավորի կարգադրությանը չենթարկվելով կամ դատական նիuտի կարգը խախտելով կամ այլ գործողություն կատարելով եւ վկայում է դատարանի կամ դատական նիuտի կարգի նկատմամբ բացահայտ արհամարհանքի մասին": Ընդ որում, այս հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարած անձինք պատժվում են նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով կամ կալանքով` մեկ ամիս առավելագույնը ժամկետով:
Պաշտպանի համար ՍԴ դիմելու հիմք է հանդիսացել օրենսդրական ձևակերպման այն խնդիրները, համաձայն որոնց, վիճարկվող նորմը անհավասար դրության մեջ էր դնում մասնավորապես պաշտպանին դատավարության մյուս մասնակիցների, հատկապես` մեղադրողի համեմատ, քանի որ նույնպիսի արարքի համար պաշտպանը կարող է ենթարկվել քրեական հետապնդման, իսկ մեղադրողը` ոչ: Բացի այդ, վիճարկվող նորմի անորոշությունը պայմաններ էր ստեղծել դրա կամայական մեկնաբանման և կիրառման համար: Այսպես, օրինակ, մի դեպքում փաստաբանի նկատմամբ վիճարկվող նորմի դիսպոզիցիայի կիրառմամբ քրեական գործ էր հարուցվել նրա կողմից դատական նիստերի դահլիճը լքելու կապակցությամբ, իսկ մյուս դեպքում` փաստաբանի նույնպիսի գործողությունները մեկ այլ գործով չեն դիտարկվել որպես անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ և իրավական հետևանքներ չեն առաջացրել:
Արմեն Հարությունյանը դիմել էր ՍԴ նաև ելնելով այն համոզմունքից, որ քրեական օրենսգրքի վիճարկվող դրույթները չեն համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, այսինքն ձևակերպված չեն բավարար հստակությամբ: Եվ հետևաբար 343-րդ հոդվածի առաջին մասի դրույթները թույլ չէին տալիս շահագրգիռ անձին, անհրաժեշտության դեպքում նաև խորհրդատվությունից օգտվելով, դրանց հետ
համեմատել իր վարքագիծը և կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող են առաջանալ դրանց գործողությունից:
Ս.թ. հունվարի 14-ին կայացած նիստում Սահմանադրական դատարանը` ելնելով գործի քննության արդյունքներից, որոշեց ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 1-ին մասը` այնքանով, որքանով կիրառելի չէ նաև դատավարության այլ մասնակիցների նկատմամբ, ճանաչել ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածի 1-ին մասի և 19-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին հակասող և անվավեր:





