Գրքեր
Արմեն Հարությունյան. Ազատության քերականություն (հետխորհրդային իրողության հիմնախնդիրները)
Մենագրության հեղինակը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան /օմբուդսման/, իրավ.գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արմեն Հարությունյանն է: Այն նվիրված է պետության և հասարակության մեջ մարդու և քաղաքացու իրավունքների երաշխավորվածության և պաշտպանության հիմնախնդրի վերլուծությանը, լիբերալիզմի և ժողովրդավարության հասկացության հարաբերակցությանը, սովորույթի դերին, սահմանադրությանը` հետխորհրդային հասարակությունների քաղաքական և սոցիալական զարգացման մեջ: Հեղինակն իրականացնում է ազատության, սահմանադրականության, պառլամենտարիզմի դասական տեսությունների և հետխորհրդային իրողությունների համամասնության համեմատական վերլուծություն:
Խորհուրդ է տրվում նրանց, ովքեր հետաքրքրված են պետության տեսությամբ, սահմանադրականության խնդիրներով, քաղաքական պատմությամբ և պրակտիկայով, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանակի համար:
Գիրքը ներկայացված է ռուսերեն լեզվով:
Արմեն Հարությունյան. ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
Սույն աշխատությունում ներկայացվում են արևմտաեվրոպական ինտեգրման հիմնախնդիրները: Հետազոտվում են եվրոպական ինտեգրման գաղափարների սկզբնաղբյուրները, Եվրոպական Միության կայացման գործընթացը, Եվրոպական համայնքների և Եվրոպական Միության իրավական հիմքը, սահմանադրական իրավունք ձևավորած հիմնադիր պայմանագրերի էությունն ու բովանդակությունը, մարդու և քաղաքացու իրավական վիճակի հիմունքները Եվրոպական Միությունում, ինչպես նաև եվրոպական հանրային ծառայությունը:
Գրքում բացահայտվում են Եվրոպական Միության զարգացման կարևոր միտումները և դրանում առկա հակասությունները: Կատարված վերլուծությամբ է նախանշված եվրոպական ինտեգրման գործընթացի ճկուն կանխատեսումը:
Աշխատությունը հասցեագրված է եվրոպական իրավունքի և եվրոպական ինտեգրման գործընթացների հիմնախնդիրներով զբաղվող ուսանողներին ու դասախոսներին, գիտական աշխատողներին, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, պետական ծառայողներին, ինչպես նաև արդի միջազգային հարաբերությունների հարցերով հետաքրքրվող ընթերցողներին:
«Մարդու իրավունքներ, լավ կառավարում, իրավունքի գերակայություն»
Սույն ձեռնարկը պատրաստվել է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի միջազգային փորձագետ Ֆրանկ Օրտոնի և ազգային փորձագետ Գենյա Պետրոսյանի կողմից «Մարդու իրավունքներ, լավ կառավարում, իրավունքի գերակայություն. Մարդու իրավունքների պաշտպանի դերն ու կարևորությունը» թեմայով ուսուցանողների վերապատրաստում իրականացնելու նպատակով: Ձեռնարկի նպատակը Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և նրա գործունեության բոլոր ոլորտների վերաբերյալ ամբողջական և խորքային պատկերացում ձևավորելն է:
Մարատ Ատովմյան «Մարդու իրավունքները քո իրավունքներն են»
Գիրքն անդրադառնում է մարդու իրավունքներին և ազատություններին, դրանց սահմանափակումներին, ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության, իրավական, սոցիալական պետության հասկացություններին, մարդու իրավունքների հայեցակարգի պատմական զարգացմանը:
Գիրքն արծարծում է նաև մեր հանրապետությունում գործող մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները, ինչպես նաև անդրադառնում է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք միջազգային կազմակերպությունների գործունեությանը: Գրքում զետեղված են նաև հավելվածներ, ներդիրներ, սխեմաներ, ինչպես նաև մարդու իրավունքներին, միջազգային կազմակերպություններին և միջազգային իրավական ակտերին վերաբերող ինտերնետ հասցեներ:
Գիրքը կարող է օգտակար լինել դպրոցների աշակերտների և ուսուցիչների, բուհերի ուսանողների և դասախոսների, իրավաբանների, իրավունքի պատմությամբ հետաքրքրվող անձանց, ինչպես նաև լայն հասարակության համար:





