Ելույթներ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը Մարդու իրավունքների միջազգային օրվա առիթով
12/12/08
Այսօր կարելի է խոսել նախորդ` 20-րդ դարում տեղ գտած երկու թեև միանգամայն տարբեր, սակայն նույնքան մեծ հեղափոխությունների մասին` բոլշեվիստական հեղափոխության և մշտապես շարունակվող` մարդու իրավունքների հեղափոխության: Դրանցից առաջինը, բարեբախտաբար, հասավ իր մայրամուտին: Իսկ երկրորդը` մարդու իրավունքների հեղափոխությունը, շարունակվում է ու թեև ոչ միշտ է հաղթանակում, այնուհանդերձ ուղեկցվում է իր առջև դրված նպատակներից գոնե մի քանիսին հասնելու լավատեսությամբ:
Հռչակագրի ընդունումը տեղի ունեցավ մինչ այդ պատմության մեջ չարձանագրված կոնսենսուսի շնորհիվ, որին հաջողվեց հասնել ծայրահեղ քաղաքական լարվածության ու կոնֆլիկտների պահերին: Այս փաստաթղթով ձևավորվեց մարդու իրավունքների այսօրվա ըմբռնումը` ընդգրկելով համընդհանուր բնույթի ֆունդամենտալ իրավունքներ: Հռչակագիրը թարգմանվել է աշխարհի ավելի քան 360 լեզուներով, իսկ այն ճանաչելու օրն ամեն տարի տոնվում է որպես Մարդու իրավունքների միջազգային օր:
Հռչակագրի հեղինակները` ծագումով տարբեր մշակույթներ ներկայացնող, հոգացել են այն մասին, որպեսզի Համընդհանուր հռչակագիրը դառնա առավել արդարացի և խաղաղ աշխարհի համատեղ տեսլական: Այն դարձել է առաջին միջազգային փաստաթուղթը, որը որպես հիմնական կանխադրույթ է վերցնում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հասանելի լինելը յուրաքանչյուրին և ամենուրեք: Այն դարձավ պատմության մեջ առաջին ակտը, որի ոգեշնչման աղբյուր հանդիսացան ոչ թե հաղթանակած հեղափոխությունները կամ ազգային-ազատագրական շարժումները, այլ միջազգային համաժողովի նիստերի սեղանի շուրջ ծավալված քննարկումները: Այդ ակտը տասնամյակներ ի վեր սահմանեց հիմնարար, համընդհանուր ազատությունների և իրավունքների չափորոշիչները:
Համընդհանուր հռչակագիրը բովանդակություն է հաղորդում մարդու իրավունքների մասին ՄԱԿ-ի տարբեր կոնվենցիաների դրույթներին: Այն թվարկում է քաղաքացիական և քաղաքական, ինչպես նաև սոցիալական, մշակութային և տնտեսական իրավունքները: Համընդհանուր հռչակագրի ներքո միջազգային հանրության ստանձնած պարտավորությունների շնորհիվ այս իրավունքներից գրեթե բոլորը դարձել են միջազգային սովորույթային իրավունքի մասը: Դրանք հիմքն են մարդու իրավունքների մասին ՄԱԿ-ի երկու կոնվենցիաների: Հաջորդող միջազգային պայմանագրերը և մարդու իրավունքների ռեգիոնալ կոնվենցիաները ևս մշակվել են համընդհանուր հռչակագրի հիմքի վրա: Համընդհանուր դեկլարացիայում և նշված կոնվենցիաներում թվարկված իրավունքները նաև ինտեգրվել են շատ երկրների սահմանադրություններում և ներպետական օրենսդրության մեջ: Ինքնին ՀՀ սահմանադրությունը արտացոլում է նրանց ազդեցությունը:
Հռչակագրի արժեքաբանությունը պարզ է և հստակ: Հոդված 1-ն ամրագրում է, որ բոլոր մարդիկ հավասար են և ազատ, քանի որ նրանց միավորում է մարդկային արժանապատվության ընդհանուր հատկությունը: Այն նաև մատնանշում է մարդկային գործողությունների ռացիոնալությունը և ազնիվ վարվելու պարտավորությունը` եղբայրության ոգով: Իր հերթին, հռչակագրի երկրորդ հոդվածը մատնանշում է, որ մարդու իրավունքները համընդհանուր են ոչ այն պատճառով, որ ճանաչվել են այս կամ այն պետության կամ միջազգային հանրության կողմից, այլ այն պատճառով, որ դրանք պատկանում են համայն մարդկությանը: Այս իրավունքները հասանելի են յուրաքանչյուրին, յուրաքանչյուր իրավիճակում և յուրաքանչյուր վայրում: Հոդված 7-ը անդրադառնում է այս դատողությանը` պնդելով, որ բոլոր մարդիկ հավասար են իրավունքի առջև, և որ յուրաքանչյուր ոք ունի խտրականության ցանկացած ձևից ինքն իրեն պաշտպանելու իրավունք:
Հանուն ժողովրդավարության և մարդու իրավունքների այս պայքարը շարունակվում է աշխարհի գոյության սկզբից, և յուրաքանչյուր պարտություն այդ պայքարում բերում է այդ աշխարհի կործանմանը: Այստեղ ներկա գտնվելով` մենք կամենում ենք վերահաստատել բոլոր մարդկանց համար անընդմեջ ավելի ու ավելի բարելավված ու արդար աշխարհ կառուցելու պարտականությունը:
Ի±նչ նկատի ունեմ ժողովրդավարություն ասելով: Իմ մոտեցմամբ` ժողովրդավարությունը հարուստ բովանդակություն ունեցող, համալիր նորմատիվ հասկացություն է, որը խարսխված է երկու հիմքերի վրա: Դրանցից առաջինը ժողովրդի ինքնիշխանությունն է: Այս ինքնիշխանությունն իրագործվում է կանոնավոր կերպով անցկացվող ազատ ընտրություններում, որոնցում մարդիկ ընտրում են իրենց ներկայացուցիչներին, ովքեր էլ իրենց հերթին ներկայացնում են նրանց տեսակետները: Դեմոկրատիայի այս ասպեկտը դրսևորվում է մեծամասնության սկզբունքում և օրենսդրական մարմնի առանցքային լինելու մեջ, որոնց միջոցով գործում են ժողովրդական ներկայացուցիչները: Սա ժողովրդավարության ֆորմալ ասպեկտն է:
Ժողովրդավարության մյուս ասպեկտն արտացոլվում է ժողովրդավարությունը բնութագրող արժեքներում (այլ, քան մեծամասնության սկզբունքի արժեքը): Սրանցից ամենակարևորներն են իշխանության բաժանումը, իրավունքի գերակայությունը, դատական անկախությունը, որոնք իրենց արտացոլումն են գտնում այնպիսի հարթություններում, ինչպիսիք են բարոյականությունն ու արդարությունը, խաղաղ հանրային կյանքը և անվտանգությունը, ողջախոհությունը և բարեխղճությունը: Սա ժողովրդավարական արժեքների գերակայության ասպեկտն է: Այսինքն` այս ասպեկտը կազմում է ժողովրդավարության իրական, էութենական կողմը:
Երկու ասպեկտներն էլ` և' ֆորմալը, և' էութենականը, անհրաժեշտ են ժողովրդավարության համար: Հասարակարգը, որում մարդիկ ինքնիշխան չեն, և օրենսդրական ու գործադիր ճյուղերը նրանց չեն ներկայացնում, չի կարող լինել ժողովրդավարական: Ժողովրդավարական չի կարող լինել նաև այն հասարակարգը, որին բնորոշ չեն իշխանության բաժանումը, իրավունքի գերակայությունը, դատավորների անկախությունը, մարդու իրավունքները և հիմնարար արժեքները: Չի կարող ժողովրդավարական լինել այն հասարակարգը, ուր մեծամասնությունը ժխտում է փոքրամասնության իրավունքները:
Ժողովրդավարության հասկացությունը հարուստ է իր բովանդակությամբ: Այն չպետք է դիտարկվի միագիծ չափման շահեկան դիրքերից: Ժողովրդավարությունը բազմաչափ է. այն հիմնված է իրավունքի գերակայության և իշխանության բաժանման վրա, որոնց կենտրոնում են, իհարկե, մարդու իրավունքները: Իսկապես, ժողովրդավարությունը հիմնված է ամեն անհատի ունեցած իրավունքների վրա, որոնք նույնիսկ մեծամասնությունը չի կարոք հերքել այն պարզ պատճառով, որ մեծամասնության գերակայության սկզբունքը հենց այդ անհատի ձեռքերում է: Ժողովրդավարությունն ունի իր սեփական ներքին բարոյականությունը, առանց որի հասարակարգն այլևս ժողովրդավարական չի կարող լինել:
Հետխորհրդային հասարակություններն այսօր հայտնվել են կոշտ երկընտրանքի առջև. կամ գտնել պետական սահմանափակ իշխանության սկզբունքի հետ անձի անհատական ազատության, ակտիվության և նախաձեռնության փոխազդեցության համաձայնեցված մոդել, կամ գնալ ուժեղ իշխանության ավտորիտար մոդելի ճանապարհով` դրանից ժողովրդի օտարմամբ: Առայժմ քիչ չեն սեփական կորպորատիվ շահերի նպատակով իշխանության նոմենկլատուրային բյուրոկրատիայի օգտագործման դեպքերը, ինչը հետզհետե ավելի է օտարում հասարակությունը իշխանությունից` չծառայելով երաշխիք անհատների քաղաքացիական իրավունքների անձեռնմխելիության համար:
Վերոհիշյալի առումով հետխորհդային երկրների հիմնական խնդիրը մնում է այն, որ վերջիններս «չսովորեցինե ապահովել հասարակության կայունություն իշխանական կառույցների հակակշիռների և զսպումների համակարգի միջոցով, երբ սահմանադրականությունը դառնում է պետության և քաղաքացիական հասարակության փոխհարաբերությունների իրական ռեժիմ: Մինչ օրս հետխորհրդային երկրների մեծ մասում կայունությունն ապահովվում է իշխանական կառույցների համակարգում գերակշռման սկզբունքի հաշվին: Եվ այլևս նշանակություն չունի` ինստիտուտներից որի օգտին է գերակշռում ապահովվում:
Այս առումով իշխանական համակարգի խնդիրը ամենասերտ կերպով առնչվում է ազատության հասկացության հետ: Ազատությունը մարդու էության անքակտելի մասն է: Եվ ազատությունն իրականանում է միայն հակակշիռների համակարգի պայմաններում: Իշխանության բոլոր այլ ձևերը` սկսած անարքիայից մինչ բռնատիրություն, գերակշիռների այս կամ այն ձևեր են:
Արմեն Հարությունյան,
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան





