Հայտարարություններ
Հունիսի 1-ը - Երեխաների պաշտպանության միջազգային օր
05/31/10
1925 թվականին Շվեյցարիայում տեղի ունեցավ Երեխաների բարեկեցության համաշխարհային կոնֆերանսը, որով հունիսի 1-ը ազդարարվեց որպես երեխաների պաշտպանության միջազգային օր:
Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող բազմաթիվ միջազգային փաստաթղթեր են ստորագրվել, որոնց թվում են 1959թ-ի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Երեխայի իրավունքների հռչակագիրը և 1989թ-ի Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան, որով ըստ էության երեխաները համարվեցին խոցելի հատուկ խումբ: Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992թ-ին, որից հետո ընդունվեց 1996թ-ի “Երեխայի իրավունքների մասին” ՀՀ օրենքը:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված արտահերթ հրապարակային զեկույցում, ինչպես նաև Պաշտպանի տարեկան զեկույցներում ներկայացվում են ՀՀ-ում երեխաների իրավունքների պաշտպանության հիմնական խնդիրները, ինչպես նաև առաջարկվում են դրանց լուծման եղանակները: Շարունակական բնույթ են կրում Պաշտպանի և նրա աշխատակազմի աշխատակիցների այցելությունները մանկատներ, գիշերօթիկ դպրոցներ և երեխաների խնամքի այլ հաստատություններ:
Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ կոչ է անում իրավասու պետական մարմիններին և ողջ հանրությանը գործադրել բոլոր հնարավոր ջանքերը երեխաների բարեկեցության, երջանկության և առժանապատիվ կյանքի ապահովման համար:





