Նորություններ
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հանդիպումը Եգիպտոսի դեսպանի հետ
12/21/05
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանն այսօր ընդունեց Հայաստանում Եգիպտոսի դեսպան տիկին Աբլա Աբդել Ռահմանին` վերջինիս խնդրանքով:
ՀՀ Օմբուդսմանը հրավեր է ստացել Եգիպտոսի Մարդու իրավունքների ազգային խորհրդից` մասնակցելու հետպատերազմյան իրավիճակում մարդու կյանքի իրավունքին և պետության համապատասխան պարտավորութուններին նվիրված միջազգային կոնֆերանսի:
Լ.Ալավերդյանը դեսպանին հայտնեց, որ երախտագիտությամբ է ընդունում հրավերը, առավել ևս, որ այն ստորագրված է աշխարհում հայտնի ու շատ հարգված գործչի` ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բուտրոս Բուտրոս Ղալիի կողմից, որն այժմ ղեկավարում է Եգիպտոսի մարդու իրավունքների ազգային խորհուրդը:
Հյուրի խնդրանքով Օմբուդսմանը ներկայացրեց Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությունը, իրավապաշտպանության ոլորտում վերջին զարգացումները:
Տիկին Ռահմանը հայտարարեց, որ ուշադիր հետևում է հայկական օմբուդսմանի գործունեությանն ու հաստատության կայացման գործընթացին: Նա շեշտեց, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի մասնակցությունը հիշյալ կոնֆերանսին հնարավորություն կտա հայկական կողմին ծանոթանալ այդ ոլորտում Եգիպտոսի կուտակած փորձին և անհրաժեշտ կապեր հաստատել` Եգիպտոսի մարդու իրավունքների ազգային խորհրդի և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետագա համագործակցության զարգացման նպատակով:





