Նորություններ
Կլոր սեղան "Էթնիկ զտումներ Ադրբեջանում. Բաքու 1990թ."
01/19/10
Ս.թ-ի հունվարի 15-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում "Էթնիկ զտումներ Ադրբեջանում. Բաքու 1990թ." խորագրով :
Կլոր սեղանի կազմակերպումը նպատակ ուներ քսան տարի անց ևս մեկ անգամ հիշատակել և հանրության ուշադրությանը ներկայացնել 1998-1990թթ-ին Բաքվում և Ադրբեջանական այլ շրջաններում տեղի ունեցած հայ խաղաղ բնակչության բռնի տեղահանման, ջարդի և զանգվածային բռնությունների ողբերգական դեպքերը:
Միջոցառմանը ելույթ ունեցան ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը, ՀՀ Ցեղասպանության թանգարան– ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ՀՀ ՏԿՆ Միգրացիոն գործակալության ղեկավար Գագիկ Եգանյանը և ոլորտի այլ մասնագետներ:
"1990թ. հունվարի 13-ից 19-ը Բաքվում և Ադրբեջանում հայերի նկատմամբ կատարվեց դաժան արյունահեղություն, որը դադարեց միայն հունվարի 20-ին" - ասաց իր խոսքում Արմեն Հարությունյանը:
Պաշտպանը նշեց, որ տոտալիտար հասարակարգում, ինչպիսին այդ ժամանակ Ադրբեջանում էր, հակասությունները քաղաքակիրթ ճանապարհով չեն լուծվել : "Միայն ժողովրդավարությունն է, որ քաղաքակիրթ լուծումներ է տալիս համանման խնդիրներին"՚ - կարծում է Օմբուդսմանը:
Պաշտպանի համոզմամբ, ատելություն, թշնամանք սերմանելը փոխհարաբերություններ կառուցելու ճանապարհը չէ, սակայն ճիշտ չէ նաև մոռացության մատնել խնդիրը: "Մեր մոտեցումը հետևյալն է` հիշել, դասեր քաղել և կանխել դրանց կրկնությունը"- հայտարարեց նա:
Աժ պատգամավոր Լարիսա Ալավերդյանն իր ելույթում նշեց, որ աշխարհի քաղաքական քարտեզում հայտնվելուց ի վեր` 1918թ.-ից, Ադրբեջանը որդեգրել է էթնիկ զտումների քաղաքանությունը, որոնք դրսևորվել են ոչ միայն ողջերի, այլև հանգուցյալների նկատմամբ, ինչի ապացույցն է Ջուղայի հայկական և Բաքվի քրիստոնեական գերեզմանոցների հողին հավասարեցնելը:
Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն իր ելույթում ասաց, որ էթնիկ զտումները Ադրբբեջանում ընթացել են 3 փուլով` 1905-1906թթ.-ին, 1918թ.-ին և 1990թ.-ին, որոնց հետևանքով Բաքուն հայաթափվեց: Հ. Դեմոյանի գնահատմամբ, Ադրբեջանի պետական քաղաքանության հիմքում ընկած է այլուրացությունը, ինչպես նաև անընդմեջ պատերազմ սանձազերծելու սպառնալիքների միջոցով սեփական ժողովրդին ահաբեկելը:
Հայաստանի Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության ղեկավար Գագիկ Եգանյանը, ներկայացնելով փախստականների իրավիճակը Հայաստանում և Ադբեջանում, նշեց, որ Ադրբեջանից բռնագաղթած հայերից ավելի քան 360 հազարը հաստատվեցին Հայաստանում, և իրենց բարձր արժեք ունեցող գույքը` հիմնականում Բաքվում, դարձավ ադրբեջանական չինովնիկների անձնական հարստացման աղբյուրը, մինչդեռ Հայաստանից մեկնած ադրբեջանցիները ապրում են վրաններում` Ադրբեջանը միջազգային հանրությանը իբրև տուժող կողմ ներկայացնելու համար:
"Իրավական ուղեցույց" ՀԿ-ի ղեկավար Նարինե Գասպարյանն իր ելույթում նշեց, որ կազմակերպության օգնությամբ 2006-2007թթ. –ին Մարդու իրավունքների Եվրոպական դատարան են ներկայացվել Ադրբեջանից բռնագաղթած հայերի, ինչպես նաև Հայաստանի Արծվաշեն գյուղի բնակիչների 510 դիմումներ: Դրանցում ներկայացվել են հայկական հուշարձանների, գերեզմանների /մասնավորապես` Բաքվի քրիստոնեական գերեզմանոցի/ ավերման փաստերը, բարձրացվել են սեփականության իրավունքի պաշտպանության, ազգային խտրականության հարցերը:
![]() | ![]() | ![]() |








