Home Home Home
Armenian VersionRussian VersionEnglish Version

Այցելություններ

ՀՀ Շիրակի մարզ կատարած այցելության մասին

1. Հանդիպում Շիրակի մարզպետարանում

Ս.թ-ի հոկտեմբերի 29-31-ը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ստեղծված աշխատանքային խումբը այցելել է ՀՀ Շիրակի մարզ` մարզի բնակիչներից ստացված դիմում-բողոքները, ինչպես նաև ծառացած այլ խնդիրները պետական իրավասու մարմինների հետ տեղում քննարկելու նպատակով:
ՀՀ Շիրակի մարզպետարանում` մարզպետ Լ. Նանյանի և մարզպետարանի աշխատակազմի համապատասխան աշխատակիցների մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում:
Քննարկվել են ինչպես բնակիչներից Պաշտպանին հասցեագրած դիմում-բողոքները, այնպես էլ տեղի հասարակական կազմակերպությունների կողմից բարձրացված խնդիրները:
 Կայացած քննարկումների արդյունքում մարզպետ Լ. Նանյանը, հիմնվելով մի քանի բողոքների վրա,  տեղում հանձնարարականներ է տվել մարզպետարանի համապատասխան աշխատակիցներին, որոնց արդյունքների մասին կտեղեկացվի Պաշտպանին: Որոշ բողոքների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ խնդիրներ են բարձրացվել նաև Շիրակի մարզպետի կողմից և դրանց չլուծվելը կապված է ՀՀ կառավարության հետ /օրինակ աղետի գոտում վթարային դարձած բազմաբնակարան բնակելի շենքերի ամրացման կամ այդ շենքերի բնակիչներին բնակարանով ապահովելու համար կառավարության կողմից միջոցներ չնախատեսելը/: Այդ հարցով Պաշտպանը առաջիկայում նախատեսում է դիմել ՀՀ կառավարությանը:
Մարզպետի հետ քննարկվել են նաև "Գյումրու հոգեկան առողջության կենտրոն" ՊՈԱԿ տարածքի պարսպապատման, ինչպես նաև քաղաքացիներից մեկին երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների հերթացուցակում հաշվառելու հարցերը: Նկատի ունենալով, որ ըստ Գյումրու քաղաքապետարանի հայտնած տեղեկատվության, քաղաքացին հերթացուցակից հանվել է Շիրակի նախկին մարզպետի գրության համաձայն` մարզպետը պատրաստակամություն է հայտնել ինչպես այս, այնպես էլ վերոնշյալ պարսպապատման խնդիրները ներկայացնել ՀՀ կառավարությանը:

2. Այցելություն ՊՆ զորամասեր

Պաշտպանի ներկայացուցիչների այցելության հաջորդ վայրն եղել է ՀՀ ՊՆ զինվորական մասերն ու նրանց ստորաբաժանումները: Այցի նպատակն է եղել Շիրակի մարզում տեղակայված զինված ուժերում ծառայություն անցնող անձանց պահման պայմանների, դրանց կենցաղային և սանիտարահիգիենիկ պայմաններին ծանոթանալը, զինվորների հետ իրենց իրավունքների վերաբերյալ առանձնազրույցներ ունենալն ու նրանց հետաքրքրող հարցերի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն տրամադրելը: Ստորև ներկայացնում ենք այցելություն կատարած զորամասերի վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները.

ՀՀ ՊՆ թիվ N   զ/մ  /ք.Գյումրի/  Զորամասը հանդիսանում է որպես խոհարարական ռազմաուսումնական զորամաս, որտեղ վեցամսյա ծառայությունից հետո զինծառայողները ստանալով կրտսեր սերժանտի կոչում, ուղարկվում են ՀՀ տարածքում տեղակայված զորամասեր: Զորամասի  հրամանատար փոխգնդապետ Արամ Բադեյանի ուղեկցությամբ խմբի անդամները շրջել են զորամասի տարածքով, այցելել զորանոցներ, ճաշարան, բաղնիք և բուժկետ, ծանոթացել զորամասի կենցաղային և սանիտարահիգիենիկ պայմաններին: Բացի այդ աշխատանքային խումբը առանձնազրույց է ունեցել պարտադիր զինվորական ծառայություն անցնող քաղաքացիների հետ, մի շարք հարցերի վերաբերյալ նրանց տվել իրավաբանական  խորհրդատվություն:
Զորամասի բաղնիքում աշխատանքները կատարվում էին քաղաքացիական անձանց կողմից, իսկ ճաշարանում և խոհանոցում աշխատանքները կատարվում էին զինծառայողների կողմից` սահմանված կարգով վերակարգ ընդունելու միջոցով: Պատերին փակցված էին սանիտարահիգիենիկ պայմաններին վերաբերող հանձնարարականները և սննդային պարտադիր նորմատիվները: Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են նաև ճաշարանի վերակարգի հրահանգավորման, վերակարգի բժշկական ստուգման և սննդի պատրաստման որակի հսկողության հաշվառման մատյանները, որոնք սահմանված կարգով լրացված են եղել: 
Շրջայցից հետո պարտադիր շարքային կազմի զինծառայողներին հակիրճ ներկայացվել է խմբի այցելության նպատակը: Զինծառայողները  դժգոհություններ և գանգատներ չեն ներկայացրել զինվորական ծառայության պայմանների վերաբերյալ:
Իրավական անկյունները հագեցած տեղեկություններ են պարունակել զինվորական ծառայության, զինծառայողների իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության վերաբերյալ: Հրամանատարությունը պատրաստակամություն է հայտնել իրավական անկյունը համալրել նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի վերաբերյալ տեղեկություններով:
Խմբի անդամների կողմից կատարված այցելության ընթացքում նշված զորամասն իր բոլոր դրական կողմերով առանձնանում էր, ուներ բարձրակարգ ճաշարան, կահավորված զորանոցներ, սակայն խիստ վերանորոգման կամ հիմնանորագման կարիք ուներ զորամասի շտաբային մասնաշենքը:

ՀՀ ՊՆ թիվ N զ/մ /Գյումրի/ Զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Ս. Սիմոնյանի ուղեկցությամբ խմբի անդամները շրջել են զորամասի տարածքով, այցելել զորանոցներ, ճաշարան, բաղնիք և բուժկետ` ծանոթացել զորամասի կենցաղային և սանիտարահիգիենիկ պայմաններին, ինչպես նաև առանձնազրույց ունեցել զորամասի անձնակազմի մի մասի հետ:
Զորամասի բաղնիքում աշխատանքները կատարվում էին քաղաքացիական անձանց կողմից: Բաղնիքի շենքային պայմանները գտնվում էին անմխիթար վիճակում և զուրկ բոլոր տեսակի բավարար չափանիշներից:
Զորամասի ճաշարանում և խոհանոցում  աշխատանքները կատարվում էին զինծառայողների կողմից` սահմանված կարգով վերակարգ ընդունելու միջոցով: 
Խմբի անդամները եղել են ճաշարանի տարբեր սենյակներում` մասնավորապես հացի կտրման սենյակում, ձկան և կարտոֆիլի մաքրման սենյակներում և այլն: Ի տարբերություն մյուս զորամասերի, խմբի անդամները արձանագրել են, որ հացը եղել է անորակ, կիսահում վիճակում: Բացի դրանից, զորամասն ընդհանուր առմամբ զերծ չէր մի շարք այլ թերություններից: Մասնավորապես խումբն արձանագրել է, որ զորանոցները ոչ տիպային են, նրանցում որոշակի կոսմետիկ վերանորոգման կարիք է զգացվում:
Զորամասի ճաշարանի մասնաշենքը գտնվում է բավարար վիճակում և, ըստ էության, թերություններ չկային: Իսկ բուժկետի մասնաշենքը և առկա բժշկական սարքավորումները  ծայրաստիճան անմխիթար վիճակում էին, նույնիսկ բացակայում էին հիվանդասենյակների համար նախատեսված տարրական պայմանները: Զորամասի շտաբի պետի ներկայացմամբ, ներկայումս ակտիվ շինարարական աշխատանքներ են իրականացվում նոր տիպային բուժկետ և նորակոչիների համար նախատեսված տիպային զորանոց կառուցելու ուղղությամբ: ՈՒսումնասիրվել է նաև աշխատունակության կորուստով վնասվածքների հաշվառման մատյանը, որը լրացված էր թերություններով:
Խմբի կողմից ուսումնասիրվել են զինվորների անհատական գրքույկները, որոնք հավանաբար ամենալիարժեքորեն լրացված գրքույկներն են եղել ի տարբերություն բոլոր այցելած զորամասերի: Իսկ արձակուրդների տրամադրման գրաֆիկի որոշ թերությունների հարցը քննարկվել է զորամասի հրամանատարության կողմից, որոնք, ընդունելով նկատառումները, խոստացել են դրանք վերացնել անհապաղ կերպով:
 Ավարտին խումբն առանձնազրույց է ունեցել անձնակազմի հետ, ընդ որում խմբի անդամների առջև հարցեր են բարձրացրել ոչ միայն պարտադիր զինվորական ծառայողները, այլ նաև սպայական կազմը, որոնց տրամադրվել է սպառիչ իրավաբանական խորհրդատվություն:
Օրինակ շատ սպաներ հետաքրքրվում էին բնակարանային պայմանների բարելավման խնդրով և առաջարկում էին հետևյալը. եթե պետությունը հնարավորություն չունի ներկայումս բնակարաններ կառուցել, գոնե շուկայական գնին համարժեք փոխհատուցում տրվի բավարար վիճակում բնակարան ձեռք բերելու նպատակով: Բացի դրանից, խումբը ականատես է եղել մի երևույթի, որն առնչվում է առողջության հետ կապված խնդիրներ ունեցող զինծառայողներին: Օրինակ ժամկետային զինծառայող շարքային Գ. Մ.-ն /Վանաձորի Զ/կ/ ընդհանուր առմամբ ունի մոտ 10-13 առողջ ատամ, և խանգարված է նրա ծամողական ֆունկցիան, սակայն զինգրքույկում նշված էր, որ պիտանի է շարային ծառայության և զորակոչել են բանակ: Գ. Մ.-ի հետ զրույցի ընթացքում վերջինս հայտնեց, որ բավականին դժվարանում է ճաշարանում հաց ուտելուց, ընդ որում նորմալ ծամելու հնարավորություն չունենալու պատճառով ունենում է ցավեր նաև աղեստամոքսային շրջանում: 
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային խմբի կողմից վերհանված թերությունները, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված իրավական կոնկրետ առաջարկները ներկայացվելու են ՀՀ Պաշտպանության նախարարի ուշադրությունը:


3. Այցելություն ոստիկանության բաժիններ
  
Նույն ժամանակաշրջանում Պաշտպանի ներկայացուցիչներն այցելեցին Գյումրիի, Ախուրյանի, Ամասիայի, Արթիկի ոստիկանության բաժիններ` առկա խնդիրներին ծանոթանալու, ինչպես նաև ձերբակալված անձանց պահման պայմաններն ուսումնասիրելու նպատակով:
ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրու բաժնում Պաշտպանի աշխատակիցների հանդիպումը տեղի ունեցավ ոստիկանության օպերատիվ գծով տեղակալի որը տվյալ պահին պաշտոնակատար էր հետ: Այնուհետև ուսումնասիրեցին "բերման ենթարկվածների հաշվառման մատյանը", որը լրացված էր էական թերություններով: Հայտնաբերվել է նաև ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի պահանջների կոպիտ խախտման դեպք.
N 43 տողը լրացված էր` Արմեն Գ.-ին բերել են 01.04.09թ. ժամը 21.40, իսկ 02.04.09թ. տարել` ՔԿՀ: Այսինքն քաղաքացին չի պահվել իր կարգավիճակին համապատասխան օրենքով նախատեսված վայրում, քանի որ տվյալ բաժնում չկար ՁԱՊՎ:  
Պաշտպանի աշխատակիցները այցելեցին նաև ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժին: Ուսումնասիրեցին ՁԱՊՎ-ի ընդհանուր պայմանները, որը չուներ և' բուժկետ, և' սննդի տաքացման սենյակ: "ՁԱՊՎ-ի հաշվառման մատյանը" լրացված էր էական թերություններով: Հայտնաբերվել են նաև ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի պահանջների խախտման դեպքեր.
տող 91-Պ.-ն Սարգիս 15.06.09թ. ժամը 15.30 ՔԿՀ "Վարդաշեն"19.06.09թ. ժամը 14.10,
տող 92-Պ.-ն Սեյրան 15.06.09թ. ժամը 15.30 ՔԿՀ "Վարդաշեն"19.06.09թ. ժամը 14.10,
տող 93-Գ.-ն Հովհաննես 15.06.09թ. ժամը 15.30 ՔԿՀ "Վարդաշեն"19.06.09թ. ժամը 14.10:
Պաշտպանի աշխատակիցները այցելեցին նաև ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային Ամասիայի բաժին: Ուսումնասիրեցին "բերման ենթարկվածների հաշվառման համար 12 մատյանը", որը լրացված էր էական թերություններով, այսպես օրինակ`
տողերը կազմված էր  մի քանի սյունյակներից բերման ենթարկելու ժամը, ազատելու կամ ուղարկելու տարեթիվ ամիս և ժամանակ, որտեղ կաին հետևյալ թերությունները.
մատյանում նշված էր միայն քաղաքացիներին բերման ենթարկելու ժամերը, սակայն նշված չէր թե ինչ ճակատագրի է արժանացել բերման ենթարկված անձը. բաց է թողնվել, ձերբակալվել է, կալանավորվել և այլն, այլ միայն նշված էր, որ ինչ որ ժամի հանձնվել է քննիչներին:
Աշխատանքային խումբը այցելեց ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային Արթիկի բաժին, որտեղ ուսումնասիրվեցին և' ՁԱՊՎ-ի ընդհանուր պայմանները, և' ՁԱՊՎ-ի հաշվառման մատյանը, և խախտումներ չհայտնաբերվեցին:
 

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային խմբի կողմից վերհանված թերությունները, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված իրավական կոնկրետ առաջարկները ներկայացվելու են ՀՀ Ոստիկանապետի ուշադրությանը:

Աշխատանքային խմբի կազմում են եղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զինվորական գծով խորհրդական Ռ. Մախմուդյանը, արագ արձագանքման պատասխանատու Ա. Մաշինյանը, աշխատակազմի քրեադատավարական և զինծառայողների իրավունքների վերականգման բաժնի պետ Ռ. Մարտիրոսյանը և քաղաքացիական, սոցիալ-տնտեսական ու մշակութային իրավունքների վերականգման բաժնի պետ Տ. Մարտիրոսյանը: