Երբ չդիմել
Հարգելի քաղաքացի
Մեղավորներ եւ անմեղներ որոշելու լիազորոթյուն Պաշտպանը չունի: Եթե վիճող կողմերը մասնավոր անձինք են, ապա երկու կողմն էլ հավասարապես կարող է ակնկալել Պաշտպանի աջակցությունը: Սակայն, երբ վիճում են պետական պաշտոնյան ու քաղաքացին, ապա այս դեպքում միայն քաղաքացին կարող է ակնկալել Պաշտպանի աջակցությունը:
Եթե Ձեր իրավունքը խախտել է որեւէ մասնավոր անձ, ապա կախված խախտման բնույթից, պետք է դիմել կամ ոստիկանություն, կամ դատարան, կամ այդ իրավունքը վերականգնելու լիազորություն ունեցող համապատասխան վերադաս մարմին: Եթե ՊԵՏԱԿԱՆ մարմինները չկատարեն իրենց պարտականությունը եւ չբավարարեն Ձեր օրինական պահանջը, այդ դեպքում Պաշտպանին: Ընդ որում, Պաշտպանն արդեն գործ կունենա ոչ թե Ձեր իրավունքը խախտած մասնավոր անձի, այլ այն ՊԵՏԱԿԱՆ մարմնի հետ, որը պարտավոր էր, բայց չի կատարել Ձեր օրինական պահանջը:
ՊԱՇՏՊԱՆԸ ՉԻ ՔՆՆԱՐԿԻ ԲՈՂՈՔԸ, ԵԹԵ ԱՅՆ....
- անանուն է,
- ուղղված է մասնավոր ընկերությունների կամ անձանց գործողությունների դեմ,
- գտնվում է դատարանի վարույթում,
- Պաշտպանի կողմից բողոքը քննարկման ընդունելուց հետո՝ դիմողը հայց կամ բողոք է ներկայացրել դատարան,
- ենթակա է լուծման միայն դատական կարգով (oրինակ` անձի մեղքը կամ անմեղությունը որոշելը, սեփականության իրավունքով գույքի տիրապետման ճանաչումը, գումարային պահանջների վերաբերյալ վեճերը, անձին անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելը և այլն),
- ներկայացվել է ավելի ուշ, քան խախտումը թույլ տալուց հետո մեկ տարվա ընթացքում,
- չի պարունակում իրավախախտում:
