Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն
իր թոռնուհու կրթության իրավունքի լիարժեք ապահովման հարցում։
Ըստ Պաշտպանին ուղղված դիմումի՝ իր թոռնուհին սովորում է դպրոցում,
սակայն ՀՀ քաղաքացի չլինելու և համապատասխան փաստաթղթեր չունենալու հիմքով նրա տվյալները
դպրոցի էլեկտրոնային մատյանում գրանցված չեն։
Դիմումատուի փոխանցմամբ՝ երեխային խնամում է միայն հայրը, բայց
քանի որ հայրությունը վերջինիս կողմից ճանաչված չէ, գործող օրենսդրությամբ իրավունք
չունի դիմելու պետական իրավասու մարմիններ` երեխայի վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթեր
ձեռք բերելու համար։
Մինչդեռ ուսումնական տարին ավարտելու և հաջորդ դասարան փոխադրվելու
համար անհրաժեշտ է երեխայի տվյալների գրանցման կազմակերպումը, այլապես երեխան չի փոխադրվի
հաջորդ դասարան: Խնդրի կարգավորման նպատակով նաև դպրոցի տնօրինությունն է տևական ժամանակ
դիմել համապատասխան կառույցներին, սակայն ապարդյուն։
Բարձրացված հարցի առնչությամբ Պաշտպանի աշխատակազմում սկսվել
է քննարկման ընթացակարգ, որի արդյունքում երեխայի տվյալները ներառվել են Էլեկտրոնային
մատյանում, և նա հաջորդ դասարան փոխադրվելու հնարավորություն է ստացել։