Մարդու
իրավունքնեի պաշտպանի գործունեության առաջնահերթություններից է զինված ուժերում
մարդու իրավունքների պաշտպանությունը, ներառյալ՝ զինծառայողներին և նրանց
ընտանիքների անդամներին: Պաշտպանի աշխատակազմն ունի մասնագիտական անհրաժեշտ
կարողություններ՝ հետևելու զինված ուժերում իրավասու մարմինների ու պաշտոնատար
անձանց կողմից մարդու իրավունքների ապահովմանը:
2016 թվականից
Պաշտպանի աշխատակազմում ստեղծվեց Քրեադատավարական և զինծառայողների իրավունքների
պաշտպանության մասնագիտացված վարչություն։ Արդեն 2017 թվականին հիմնվեց
Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժինը,
որը մասնագիտացված ստորաբաժանում է Քրեական արդարադատության ոլորտում և զինված
ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի կազմում:
Պաշտպանն
իրականացնում է քաղաքացիների զինապարտությանն առնչվող իրավունքների պահպանություն
բոլոր փուլերում` զինվորական հաշվառում և զորակոչ, զինվորական ծառայության բուն
ընթացք, պահեստազոր: Նրա քննարկմանն են ենթակա, օրինակ` զինապարտների առողջական
վիճակի, կարգապահական իրավունքների և սոցիալական երաշխիքների վերաբերյալ հարցերը։
Այս ոլորտում Պաշտպանի աշխատանքի հիմնական ուղղություններն են` զինված ուժերում
մարդու իրավունքների պաշտպանության վիճակի, ոլորտում առկա խնդիրների, այդ թվում՝
գործնական և օրենսդրական թերությունների հետ կապված հարցերը: Դրանք վեր են հանվում
ստացված բողոքների, զինվորական հաստատություններ չհայտարարված այցերի, ինչպես նաև
հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա։
Ոլորտի
օրենսդրության կատարելագործման նպատակով մշակվում են օրենքների և այլ իրավական
ակտերի նախագծեր, կարծիքի ներկայացված նախագծերի վերաբերյալ առաջարկներ, ինչպես
նաև Սահմանադրական դատարան են ներկայացվում դիմումներ և հատուկ դիրքորոշումներ:
Անհրաժեշտության դեպքում մշակվում են Հայաստանի դեմ ՄԻԵԴ ներկայացված գանգատներով
որպես երրորդ կողմ ներգրավման, ՄԻԵԴ վճիռների կատարման փուլում ԵԽ Նախարարների կոմիտե ներկայացման համար հատուկ
դիրքորոշումներ:
Պաշտպանին աջակցող մարմին է նրան առընթեր գործող Զինծառայողների իրավունքների
հարցերով փորձագիտական խորհուրդը, որի կազմում ընդգրկված են հասարակական
կազմակերպությունների ներկայացուցիչներ, փաստաբաններ, ինչպես նաև հոգեբանության,
սոցիոլոգիայի ոլորտի անկախ փորձագետներ: