Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն ընտանեկան նպաստը վերականգնելու հարցում:
Քաղաքացի Հ․ Հովհաննիսյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած բողոքով հայտնել է, որ հինգ անձից բաղկացած իր ընտանիքը սոցիալապես անապահով է, չունի եկամտի որևէ աղբյուր, ավելին՝ ինքն ու կինն ունեն առողջական խնդիրներ, ինչով պայմանավորված չեն կարողանում աշխատել, ինչպես նաև հոգալ անչափահաս զավակների կարիքները։
Քաղաքացու տեղեկացմամբ՝ երկար տարիներ ընտանիքը հաշվառված է եղել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում և մինչև 2021 թվականի սեպտեմբեր ամիսը ստացել է ընտանեկան նպաստ, սակայն քաղաքացին նշել է, որ 2021 թվականի հոկտեմբեր ամսին նպաստ ստանալու իրավունքը դադարեցվել է՝ էլեկտրաէներգիայի սահմանված չափաքանակից ավելի սպառած լինելու պատճառաբանությամբ։
Ըստ Հ. Հովհաննիսյանի՝ տանն առկա կահույքի և իրականացված վերանորոգմամբ պայմանավորված տարածքային կենտրոնի տնօրենը հայտնել է, որ իր ընտանիքին ընտանեկան նպաստ չի նշանակվի։
Պաշտպանի միջամտությամբ 2022 թվականի մայիսի 10-ին Ծառայության սոցիալական աշխատանքի և սոցիալական ծառայությունների վարչության ընտանիքին տրամադրվող աջակցությունների բաժնի մասնագետների և տարածքային կենտրոնի աշխատակիցների կողմից կատարվել է կրկնակի տնային այցելություն, որի ընթացքում արձանագրվել է, որ բնակարանի նախամուտքը, խոհանոցը, սանհանգույցը վերանորոգված չեն, բնակարանը գազաֆիկացված չէ, ջեռուցվում է փայտե վառարանով, կոմունալ-կենցաղային պայմանները բավարար են, վերանորոգված և կահավորված են հյուրասենյակը և ննջասենյակները։
Ըստ տրամադրված պարզաբանման՝ ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակի կրկնակի ուսումնասիրությունից հետո, Պաշտպանը գրություն է ուղարկել տարածքային կենտրոնին, ում կողմից որոշվել է համապատասխան տեղեկատվություն ներկայացնել Ծառայության սոցիալական աշխատանքի և սոցիալական ծառայությունների վարչության ընտանիքին տրամադրվող աջակցությունների բաժին` Հ. Հովհաննիսյանի ընտանիքի անապահովության միավորը վերականգնելու համար, որից հետո քաղաքացու ընտանեկան նպաստը վերականգնվել է: