Այսօր՝ 2021թ. ապրիլի
12-ին, Բաքվում բացվել է 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին
վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակ»:
«Պուրակում» հայկական
զինվորական տեխնիկայի հետ միասին ցուցադրված են հայկական զինված ուժերի
ծառայողների կերպարներ (մանեկեններ), որոնք բոլորն էլ ներկայացված են
արժանապատվությունը ոտնահարող, նվաստացուցիչ վիճակում: Դա արված է հնարավորինս
լայն հրապարակայնություն ապահովելով:
«Պուրակի» հրապարակված
տեսանյութերից ու լուսանկարներից ակնհայտ է, որ ցուցադրությունն արված է Հայաստանի
ու Արցախի հայերի, Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ատելությունն ու թշնամանքն
ավելացնելու, խրախուսելու համար: Ցուցադրություններն արված են ցինիզմով՝
հրապարակայնորեն նսեմացնելու համար պատերազմում զոհվածների հիշատակը, անհայտ
կորածներին ու գերիներին, ոտնահարելու համար նրանց ընտանիքների իրավունքներն ու
արժանապատվությունը:
Նույն ցինիզմով
ցուցադրված են Հայաստանի ու Արցախի զինվորների անձնական իրերը, իսկ զոհված
զինվորականների սաղավարտների ցուցադրումն արված է՝ ակնհայտ իմանալով, որ դա
լրացուցիչ տառապանքներ է պատճառելու նրանց ընտանիքներին, հայաստանյան ու արցախյան
հասարակությանը, գեներացնելու է նոր ատելություն ադրբեջանական հասարակությունում:
Ադրբեջանական
իշխանությունները բացված «պուրակում» ցուցադրել են նաև հայ գերիներին վերաբերող
տեսարաններ: Այս քայլը հատկապես դատապարտելի է այն ֆոնին, որ Ադրբեջանում
շարունակում են ապօրինաբար, մարդու իրավունքների միջազգային պահանջների կոպիտ
խախտմամբ պահվել գերիներ՝ զինծառայողներ և քաղաքացիական անձինք:
Ադրբեջանական
իշխանությունների համար ակնհայտ է, որ այս զգայուն հարցը պատճառելու էր հոգեկան
ցավ ու տառապանք անհայտ կորածների ու գերիների ընտանիքների ու հայ հասարակությանն,
առհասարակ:
ՀՀ մարդու իրավունքների
պաշտպանին հասցեագրվել են այս բովանդակությամբ բազմաթիվ բողոքներ ու ահազանգեր,
ինչպես նաև արձանագրվել են ահազանգող հրապարակումներ սոցիալական ցանցերում:
Պաշտպանի աշխատակազմի
մշտադիտարկումը վեր է հանել ցուցահանդեսի վերաբերյալ ադրբեջանական սոցիալական
ցանցերի գրառումներ (մենք այդ ապացույցներն առանձին կհրապարակենք), որոնք միայն
ողջունում ու խրախուսում են Ադրբեջանի նախագահի նախաձեռնությունը, իսկ մեկնաբանությունները
վկայում են ակնհայտ հայատյացության ու թշնամանքի մասին:
Նման «պուրակի» բացումն
ակնհայտ հաստատում է Ադրբեջանում ինստիտուցիոնալ հայաստյացության և թշնամանքի
քարոզի պետական քաղաքականության առկայության փաստը: Այդ քաղաքականությունը
հետևողականորեն իրականացվում է տարիներ շարունակ և հաստատվում կոնկրետ
ապացույցներով։
Այդ քաղաքականության
հետևանք են այն դաժանություններն ու խոշտանգումները, սպանությունները, որոնք
ադրբեջանական զինված ուժերի ծառայողները հայկական կողմի զինվորականների ու
քաղաքացիական անձանց նկատմամբ կատարել են թե՛ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների,
թե՛ 2016թ. ապրիլյան պատերազմական գործողությունների, թե՛ ադրբեջանական այլ զինված
հարձակումների ժամանակ:
Պետական
հովանավորչությամբ թշնամանքն էր պատճառը, որ ադրբեջանական զինվորականները
դաժանաբար խոշտանգում ու սպանում էին հայկական կողմի զինծառայողներին և
քաղաքացիական անձանց՝ գործելով բաց դեմքերով, բացառիկ ցինիզմով՝ առանց անգամ
մտածելու պատասխանատվության մասին և վստահ լինելով, որ դրա համար նրանք միայն
գովասանքի են արժանանալու:
Ուստի, 2020 թվականի
սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին նվիրված «պուրակի» ցուցադրություններն
ակնհայտորեն վերահաստատում են Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության նկատմամբ
ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը:
Այս բացարձակ արատավոր
երևույթը ևս մեկ անգամ վկայում է, որ մենք չպետք է թույլ տանք, որպեսզի մեզ
թմրեցնեն ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ. դա պարզապես շղարշ է, որ նախատեսված
է միջազգային հանրության համար:
Հայաստանի մարդու
իրավունքների պաշտպանի այս հայտարարությունը կուղարկվի միջազգային կառույցներին՝
հատուկ նշումով այն մասին, որ ադրբեջանական բարձրագույն իշխանությունների հենց այս
քայլերն են, որ հանգեցնում են խոշտանգումների, դաժանությունների և բացարձակ
խաթարում են խաղաղությունն ու համերաշխությունը տարածաշրջանում:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու
իրավունքների պաշտպան