ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմում պարբերաբար տեղեկություններ են ստացվում տարբեր
հանգամանքներով պայմանավորված՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում դասապրոցեսի
բնականոն ընթացքի խաթարումների, ուսուցիչ-աշակերտ-ծնող հարաբերություններում անհանդուրժողականության
դրսևորումների վերաբերյալ:
Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմում սոցիալական
ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում
արձանագրվել է, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում
տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ որոշ ուսուցիչների, աշակերտների և ծնողների կողմից
պատմության ուսուցչի նկատմամբ դրսևորվել է անթույլատրելի վերաբերմունք՝ ատելության
խոսքի լայն տարածմամբ: Միջադեպի առնչությամբ համացանցում շրջանառվել են նաև երեխաների
մասնակցությամբ տեսանյութեր, որոնց հետագա տարածումը կարող է թիրախավորել երեխաներին:
Երեխաների թիրախավորումը Պաշտպանն անթույլատրելի է համարում:
Պաշտպանը
խիստ մտահոգիչ է համարում նաև այն, որ այս բոլոր գործընթացներում չեն ապահովվում երեխաների
կրթության և անվտանգ միջավայրում ապրելու և զարգանալու, մանկավարժական աշխատողի` մասնագիտական
վարկանիշն ու արժանապատվությունը նսեմացնող գործողություններից պաշտպանված լինելու
իրավունքը:
Մարդու
իրավունքների պաշտպանը խիստ կարևորում է պետության կողմից հանրակրթության բնագավառում
անհատի և հասարակության անվտանգության և կայուն զարգացման ապահովման երաշխավորումը:
Պաշտպանն
ընգծում է, որ ատելության խոսքի ցանկացած դրսևորում, այդ թվում՝ էթնիկ կամ ազգային
պատկանելության հիմքով, պետք է բացառվի խոսույթից և կոչ է անում զերծ մնալ ատելություն,
անհանդուրժողականություն քարոզող արտահայտություններից և վարքագծից հատկապես հանրակրթական
ուսումնական հաստատություններում:
Միաժամանակ,
Պաշտպանը հորդորում է Մերձավանի միջնակարգ դպրոցի միջադեպի վերաբերյալ երեխաների մասնակցությամբ
նյութերի հրապարակման և տարածման գործընթացում առաջնորդվել բացառապես անձնական տվյալների
պաշտպանության վերաբերյալ միջազգային և ներպետական չափորոշիչներով, առաջնահերթություն
տալ երեխայի լավագույն շահին և երեխային չվնասելու սկզբունքին: