Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ,
մայիսի 16-ին աշխատանքային այց է իրականացրել Տավուշի մարզ։ Նպատակն էր տեղում գնահատել
մարդու իրավունքների պաշտպանության վիճակը և ծանոթանալ առկա հիմնահարցերին։
Այցի շրջանակում
Պաշտպանն այցելել է Բերդ խոշորացված համայնք, որտեղ հանդիպումներ է ունեցել համայնքի
ղեկավար Աստղիկ Հակոբյանի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, խնամակալության
և հոգաբարձության հանձնաժողովի անդամների, ինչպես նաև քաղաքացիների հետ։ Պաշտպանն այցելել
է նաև Բերդի զինվորական հոսպիտալ:
Համայնքի
ղեկավարի հետ քննարկվել են մարդու իրավունքների իրացմանը, երեխաների և հաշմանդամություն
ունեցող անձանց իրավունքներին առնչվող հարցեր, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներ։
Անդրադարձ է կատարվել նաև բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման խնդիրներին,
մասնավորապես՝ բնակարանային ապահովմանը, աջակցության ծրագրերին, երեխաների դպրոց և
մանկապարտեզ հաճախելուն վերաբերող հարցերին։
Քննարկվել
են նաև սահմանամերձ բնակավայրերին բնորոշ զբաղվածության մարտահրավերները։ Անահիտ Մանասյանը
վերահաստատել է իր հանձնառությունը՝ բարձրացված հարցերն իր մանդատի շրջանակում ուսումնասիրելու
և համապատասխան լուծումներ առաջարկելու ուղղությամբ։
Խնամակալության
և հոգաբարձության հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են երեխաների
իրավունքներին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում` երեխաների բռնությունից զերծ միջավայրում
ապրելու, կրթության իրավունքի ապահովման, այդ գործընթացում իրավասու մարմինների միջև
համագործակցության ձևաչափերի և այլնի հետ կապված:
Այնուհետև
Պաշտպանը շրջայց է կատարել Բերդի զինվորական հոսպիտալում։ Ուսումնասիրվել են զինծառայողների
բժշկական օգնության և սպասարկման պայմանները։ Պաշտպանը հանդիպել է բուժում ստացող զինծառայողների
հետ, ծանոթացել նրանց առողջական խնդիրներին, բուժման ընթացքին և առօրյային։ Հոսպիտալի
ղեկավար կազմի հետ քննարկվել են զինծառայողների բուժման մեթոդներին, դեղորայքի հասանելիությանը
և իրավունքներին առնչվող մի շարք այլ հարցերի վերաբերող խնդիրներ։
Այցի շրջանակում
Պաշտպանն այցելել է նաև Հայ Օգնության Ֆոնդի Բերդի մասնաճյուղ, ծանոթացել կազմակերպության
կողմից իրականացվող սոցիալական աջակցման ծրագրերին, զրուցել աշխատակիցների հետ՝ ընդգծելով
նման նախաձեռնությունների դերը համայնքի սոցիալական կայունության ապահովման գործում։
Անահիտ
Մանասյանը հանդիպում է ունեցել նաև համայնքի մյուս հասարակական կազմակերպությունների
և պետական մարմինների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են սահմանամերձ բնակավայրերում
մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող սոցիալ-տնտեսական մի շարք խնդիրներ, հարկային
արտոնություններից և ուսման վարձի զեղչերից օգտվելու հնարավորությունները, Լեռնային
Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության և երաշխիքների հարցերը, ինչպես
նաև երեխաների իրավունքների պաշտպանությանը և ընտանիքում ապրելու իրավունքին առնչվող
մի շարք հարցեր։
Պաշտպանը
կարևորել է նման հանդիպումների անցկացումը և քաղաքացիական հասարակության հետ շարունակական
համագործակցությունը։
«Ես կարծում
եմ, որ մեր պետությունում առկա խնդիրները հնարավոր չէ միայնակ լուծել, անհրաժեշտ է
պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների արդյունավետ համագործակցություն:
Ես շատ եմ կարևորում այդ աշխատանքը և բոլոր մարզային այցերի ժամանակ հանդիպում եմ ունենում
ՀԿ սեկտորի հետ»,-նշել է Պաշտպանը:
Հանդիպումներ
են տեղի ունեցել նաև համայնքի շուրջ երեք տասնյակ բնակիչների հետ, ովքեր ներկայացրել
են իրենց հուզող հարցերը` կապված տարբեր պետական մարմինների դիմելիս առաջացած խնդիրների,
պատշաճ բուժօգնության ապահովման, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական
աջակցությունների տրամադրման հետ, որոշ քաղաքացիների հետ տեղի են ունեցել նաև առանձնազրույցներ:
Պաշտպանը վստահեցրել է՝ իր մանդատի շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր բարձրացված
խնդիրների լուծմանն աջակցելու նպատակով:
Աշխատանքային
այցի ընթացքում Պաշտպանը քննարկում է ունեցել նաև Մարդու իրավունքների պաշտպանի Տավուշի
մարզային ստորաբաժանման ղեկավար Էրիկ Ծերունյանի հետ՝ քաղաքացիների դիմումների քննության
ընթացակարգերի, աշխատակարգերի, ինչպես նաև պետական մարմինների հետ համագործակցության
արդյունավետության վերաբերյալ։
Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի և աշխատակազմի մարզային այցերը կրում են շարունակական
բնույթ՝ նպատակ ունենալով տեղում ծանոթանալ խնդիրներին և պատշաճ հասցեավորել դրանք: