Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի և
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ
Ժակոբի համատեղ այցը Սյունիքի մարզ: Այցին
մասնակցում են նաև երկու կառույցների ներկայացուցիչները:
Մայիսի 19-ին Պաշտպանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն
այցելել են ՄԻՊ աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանում: Ստորաբաժանման ղեկավար Անի Մնացականյանը ներկայացրել է այն հարցերի շրջանակը, որոնցով մարդիկ
առավել հաճախ են դիմում ստորաբաժանում:
Այնուհետև Կապանում հանդիպում է տեղի ունեցել Սյունիքի մարզպետ
Ռոբերտ Ղուկասյանի հետ: Վերջինս ներկայացրել է մարզում մարդու իրավունքների ոլորտում
առկա խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը:
Քննարկվել են մարզի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների, Լեռնային
Ղարաբաղից բռնի տեղահանված, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց իրավունքներին,
մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային դերակատարների հետ համագործակցությանը վերաբերելի հարցեր:
Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ ՄԱԿ-ի հայաստանյան
գրասենյակը Պաշտպանի հաստատության կարևոր գործընկերներից է, լուրջ դերակատարություն
ունի Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման տեսանկյունից:
Պաշտպանը նաև կարևորել է Սյունիքի մարզպետի հետ ձևավորված կառուցողական
աշխատանքը, ինչի արդյունքում արձանագրված մի շարք խնդիրներ արագ ստանում են իրենց լուծումները:
Պաշտպանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ մարզում պետք է շարունակաբար
կատարելագործել անձանց կյանքի որակի վրա ազդեցություն ունեցող համակարգերը:
Այց է իրականացվել նաև ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Կապանի
գրասենյակ: Պաշտպանին ներկայացվել են կառույցի գործունեության նպատակն ու աշխատանքի
ուղղությունները:
Այնուհետև Պաշտպանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն
այցեր են իրականացրել սահմանամերձ Շիկահող, Սրաշեն և Ծավ բնակավայրեր:
Տեղի են ունեցել հանդիպումներ համայնքների ղեկավարների և բնակիչների
հետ: Տեղում իրականացվել է իրավունքներին վերաբերելի խնդիրների հավաքագրում:
Վերոնշյալ բնակավայրերի բնակիչները ներկայացրել են խմելու և
ոռոգման ջրի հասանելիության, զբաղվածության ապահովման, անվտանգության, սեփականության
իրավունքի, գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ զբաղվելու դժվարություններին, ինչպես
նաև բնակիչների սոցիալ-կենցաղային պայմանների լավարկմանը միտված այլ հարցեր:
Անահիտ Մանասյանը վստահեցրել է, որ քննարկման շրջանակներում
վերհանված խնդիրներն աշխատակազմում կուսումնասիրվեն և կհասցեագրվեն պետական իրավասու
մարմիններին:
Մարդու իրավունքների պաշտպանի` հանրապետությունում մարդու իրավունքներին
վերաբերելի խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով իրականացվող մարզային այցերը կրում
են շարունակական բնույթ: