Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 25-ին ողջույնի խոսքով է հանդես եկել
Լիբերալ քաղաքականության ինստիտուտի կողմից իրականացվող «Հզորացնելով կանանց իրավունքների
պաշտպաններին Հայաստանում» ծրագրի փակման արարողությանը։
Իր ելույթում
Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել Լիբերալ քաղաքականության ինստիտուտի հետ համագործակցությունը՝
այն գնահատելով որպես հետևողական, նպատակային և արդյունավետ։
Նա շեշտել
է, որ իրավահավասարության ոլորտի վերաբերյալ պատկերացումները հասարակության լայն շրջանակներում
ձևախեղված են և ոլորտը հաճախ չի դիտարկվում որպես առաջնահերթ լուծում պահանջող ուղղություն։
Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է, որ ոլորտի խնդիրների ետևում իրական մարդիկ ու
ճակատագրեր են, որոնց մենք չենք կարող չնկատել և առաջնահերթ ուշադրության չարժանացնել:
«Օրինակ՝
վաղ ամուսնությունները որոշ համայնքներում շարունակում են լայն տարածում ունենալ, ինչի
հետևանքով աղջիկները դուրս են մնում կրթությունից և զրկվում են անձնական զարգացման
ու ինքնադրսևորման ցանկացած հնարավորությունից։ Անհրաժեշտ է ոչ միայն բարձրաձայնել
այս խնդիրը, այլև ձեռնարկել համակարգային քայլեր՝ իրավիճակի արմատական բարելավման համար»,
– նշել է Անահիտ Մանասյանը։
Պաշտպանը
հատուկ անդրադարձ է կատարել նաև հաշմանդամություն ունեցող երեխաներին խնամող մայրերի
իրավունքների խնդիրներին՝ կարևորելով նրանց համար ծառայությունների մատչելիության ապահովումը,
սոցիալական երաշխիքների ընդլայնումը և տնտեսական ներգրավվածության հնարավորությունների
ստեղծումը։
«Մենք
պետք է ձևավորենք մի միջավայր, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ սեռից կամ սոցիալական
կարգավիճակից, կզգա, որ իր իրավունքները լիարժեքորեն պաշտպանված են»,- ամփոփելով՝ նշել
է Պաշտպանը:
Ողջույնի
խոսքով են հանդես եկել Լիբերալ քաղաքականության ինստիտուտի նախագահ Տաթևիկ Մատինյանը
և Հայաստանի Հանրապետությունում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան
Մարիկե Մոնրոյ-Վինթերը։
Ծրագրի
շրջանակում Պաշտպանի աշխատակազմի հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավար
Մերի Մամիկոնյանը ներկայացրել է կանանց տնտեսական իրավունքների վերաբերյալ Լիբերալ
քաղաքականության ինստիտուտի հետ համագործակցությամբ մշակված ՄԻՊ արտահերթ զեկույցը:
«Հզորացնելով
կանանց իրավունքների պաշտպաններին Հայաստանում» ծրագիրն իրականացրել է Լիբերալ քաղաքականության
ինստիտուտը՝ Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության
աջակցությամբ: