ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը քրեակատարողական
հիմնարկներում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ
է համարում՝ ևս մեկ անգամ հրավիրելով պատկան մարմինների ուշադրությունը դրանց կանխարգելման
խնդիրներին:
Պաշտպանն արձանագրում է, որ քրեակատարողական հիմնարկներում առկա
են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ պատշաճ բժշկական օգնության
կազմակերպման համակարգային խնդիրներ, մասնավորապես, վերջիններիս նկատմամբ ստացիոնար,
ոչ հոժարակամ բուժման ընթացակարգ նախաձեռնելու գործընթացում: Այս համատեքստում Պաշտպանը
հատուկ ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո
գտնվող անձանց իրավունքների ապահովման, մասնավորապես, առողջության պահպանման և կյանքի
իրավունքի համար պատասխանատվություն է կրում պետությունը:
Ազատությունից զրկված անձանց իրավունքների, այդ թվում՝ առողջության
պահպանման իրավունքի ապահովման հետ կապված արձանագրված խնդիրներին Մարդու իրավունքների
պաշտպանն անընդհատ է անդրադառնում ինչպես տարեկան զեկույցներում, այնպես էլ իրավասու
մարմինների հետ քննարկումների և հրապարակային հայտարարությունների շրջանակներում:
Պաշտպանը ևս մեկ անգամ շեշտադրում է, որ հոգեկան առողջության
խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ ազատությունից զրկման վայրերում պետք է ցուցաբերվի
պատշաճ հսկողություն, մատուցվի հոգեբուժական բավարար օգնություն և սպասարկում:
Ազատությունից զրկման վայրերում մահերի, ինքնասպանությունների
և ինքնավնասումների յուրաքանչյուր դեպք գտնվում է Պաշտպանի անմիջական ուշադրության
կենտրոնում, դրանց վերաբերյալ իրավասու մարմիններից պահանջվում են պարզաբանումներ: