ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 21-ին
ընդունել է Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ, ԱՀԿ
հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդարթա Դատտայի գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու
իրավունքների պաշտպանի անկախ սահմանադրական մանդատը, ինչպես նաև աշխատանքի
հիմնական ուղղությունները, որոնցում հատուկ ուշադրություն է դարձվում
առողջապահական իրավունքների ապահովմանն ու առողջապահության ոլորտում մարդու
իրավունքների արդյունավետ իրացմանը։
Պաշտպանն ընդգծել է ԱՀԿ հետ համագործակցության խորացման և համատեղ նախաձեռնությունների
զարգացման կարևորությունը՝ նշելով, որ միջազգային լավագույն փորձի
ուսումնասիրությունն ու ներմուծումը կարող է զգալիորեն նպաստել ոլորտի
արդիականացմանը և առողջապահական համակարգում մարդու իրավունքների խթանման և
պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը։
Իր հերթին Սիդարթա Դատտան բարձր է գնահատել ՀՀ մարդու իրավունքների
պաշտպանի հաստատության գործունեությունը և ընդգծել համագործակցությունը
շարունակելու և զարգացնելու պատրաստակամությունը։