Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը որպես խոսնակ մասնակցել է «Աջակցություն կանանց զորացմանն ու տնտեսական անկախացմանը» ծրագրի շրջանակներում իրականացվող զրույց-քննարկմանը:
Միջոցառումը նախաձեռնել էր «Հայ առաջադեմ երիտասարդություն»
հասարակական կազմակերպությունը՝ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ՝ «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության
ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։ Հանդիպման մասնակցել են տեղահանված
և տարբեր խոցելի խմբեր ներկայացնող կանայք:
Իր խոսքում Անահիտ Մանասյանն ընդգծել է նման ձևաչափի միջոցառումների
կարևորությունը խոցելի տարբեր խմբերի ձայնը լսելի դարձնելու և զգայուն հարցերը բարձրաձայնելու
տեսանկյունից․
«Շատ կարևոր են նման միջոցառումները։ Դրանց մասնակցությունն
ու հանրայնացումն օգնում են, որ մարդիկ, ովքեր ունեն տարբեր խնդիրներ, հասկանան, որ
իրենք միայնակ չեն։ Մենք պետք է միասին լինենք, պատրաստ՝ հասկանալու միմյանց խնդիրներն
ու իրար աջակից լինելու»։
Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ իր գործունեության կարևոր ուղղություններից
են կանանց և խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությունը։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է
կառուցել համերաշխ հասարակություն, որտեղ մարդիկ ոչ միայն հանդուրժող են միմյանց առանձնահատկությունների
նկատմամբ, այլև՝ աջակցող. «Մեր օրինակով պետք
է ցույց տանք, որ անկախ յուրաքանչյուրիս ունեցած առանձնահատկություններից` բոլորի նկատմամբ
վերաբերմունքը պետք է լինի արժանապատիվ, հավասար, համերաշխ և հարգալից»։
Պաշտպանը հանդիպման ընթացքում ներկայացրել է նաև իր աշխատանքային
առաջնահերթությունները՝ ընդգծելով հատկապես տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը,
սոցիալ-հոգեբանական աջակցության կարևորությունը, իրավահավասարության երաշխավորումը։
Անահիտ Մանասյանը նշել է, որ մի շարք խնդիրներ համակարգային
են, օրինակ` հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերելի, բայց կրկնակի խոցելիություն
են ձեռք բերում տեղահանված անձանց պարագայում: Ավելին, բազմաթիվ դեպքերում նույնիսկ
այս խնդիրների առնչությամբ հանրային ընկալումներն են ձևախեղված:
«Ես իմ օրինակով փորձում եմ ցույց տալ, որ պետք չէ վախենալ զգայուն
խնդիրների բարձրաձայնումից։ Դրանք պետք է գիտակցել, ճիշտ հասցեավորել և գտնել լուծման
պատշաճ ուղիներ»,- եզրափակելով խոսքը՝ ասել է Մարդու իրավունքների պաշտպանը։
Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել
Պաշտպանի հետ հարցուպատասխանի ձևաչափով քննարկելու իրենց հուզող հարցերը։