ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ լուծում է ստացել
Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձի սոցիալական աջակցություն ստանալու հարցը։
Քաղաքացին դիմել էր Պաշտպանին՝ տեղեկացնելով, որ իր ընտանիքի
անդամները ներկայացրել են համապատասխան դիմումներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարության Միասնական սոցիալական ծառայություն՝ տեղահանվածների համար նախատեսված
սոցիալական աջակցության ծրագրից օգտվելու նպատակով։ Ըստ դիմողի՝ ընտանիքի որոշ անդամների
դիմումները բավարարվել են, իսկ իր և երկու անչափահաս երեխաների դիմումները մերժվել
էին։
Պաշտպանի աշխատակազմը պարզաբանումներ է պահանջել պետական իրավասու
մարմնից, կատարվել են լրացուցիչ ուսումնասիրություններ։
Պարզաբանման համաձայն՝ Օպերատիվ շտաբի տրամադրած 2023 թվականի
սեպտեմբերի 19-ի դրությամբ ՀՀ-ում գտնվող Լեռնային Ղարաբաղի բնակիչ հանդիսացող անձանց
ցուցակներում քաղաքացու տվյալները սխալ են մուտքագրված, ինչն էլ անձի նույնականացման
և վճարման ցուցակ ներառելու գործընթացը տեխնիկապես դարձնում է անհնար:
Պաշտպանի աջակցությամբ, քաղաքացու կողմից հավաքագրվել են լրացուցիչ
փաստաթղթեր և ներկայացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Հաջորդիվ,
Պաշտպանի հաստատության խորհրդատվության արդյունքում անձը դիմել է նոտարական գրասենյակ և ստացել փաստաթղթի
պատկանելության իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու մասին որոշում,
որը Պաշտպանի աշխատակազմի աջակցությամբ կրկին ներկայացվել է Նախարարություն և համագործակցության
արդյունքում հնարավոր է եղել լուծել խնդիրը՝ դիմողի տվյալները ներառել վճարման ցուցակներում:
Արդյունքում, 2025 թվականի հունիսի 30-ին քաղաքացին ՄԻՊ աշխատակազմին ուղղված լրացուցիչ դիմումով տեղեկացրել
է, որ ամբողջ վճարումը ստացել է՝ ներառյալ է նաև նախորդ ամիսներին չտրամադրված գումարները։
Հարկ ենք համարում ընդգծել, որ Մարդու իրավունքների պաշտպանը
ևս մեկ անգամ վերահաստատում է իր պատրաստակամությունը լիազորությունների շրջանակում
աջակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը։