Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 26-ին հանդիպել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակից դպրոցականների հետ: Հանդիպմանը մասնակցել
է 55 երեխա Երևանից և ՀՀ տարբեր մարզերից:
Իր խոսքում
Անահիտ Մանասյանն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը, շեշտել մարդու իրավունքների
հիմքում ընկած գաղափարների` հանդուրժողականության, մարդու՝ որպես բարձրագույն արժեքի,
նրա արժանապատվության երաշխավորման կարևորությունը։
«Այսօր հիմնականում
խոսելու ենք մարդու իրավունքների խնդիրների շուրջ։ Ես այստեղ եմ ոչ միայն որպես Մարդու
իրավունքների պաշտպան, այլև որպես մարդ, ով դպրոցական և ուսանողական տարիներին էլ բավականին
ակտիվ է եղել հանրային կարևորություն ներկայացնող խնդիրները հասցեավորելու առումով։
Իմ գործունեության ընթացքում ձևավորել եմ մի շարք կարևոր սկզբունքներ և գաղափարներ,
որոնք վերաբերելի են, այդ թվում` էթիկական չափանիշներին, և որոնք ուղղորդող եմ համարում
այս ոլորտում», - ասել է Պաշտպանը:
Անահիտ Մանասյանը
խոսել է մարդու իրավունքների ոլորտում առկա մարտահրավերների մասին:
Հանդիպումը
կրել է հարցուպատասխանի ձևաչափ: Անահիտ Մանասյանն
ու ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության
և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի
պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանը երեխաների հետ, ի թիվս այլնի, քննարկել են խտրականություն
դեմ պայքարին, վաղ և հարկադիր ամուսնություններին, մարդու իրավունքների կրթությանը, հաշմանդամություն
ունեցող անձանց իրավունքներին, ընտանեկան բռնության դեմ պայքարին, խոսքի ազատությանը
վերաբերելի և այլ հարցեր:
Անդրադարձ
է կատարվել բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը, այդ ուղղությամբ ՄԻՊ
հաստատության իրականացրած աշխատանքներին։
Հանդիպման
վերջում Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել հետաքրքիր քննարկման համար և
պատրաստակամություն հայտնել դպրոցականներին հյուրընկալել Պաշտպանի աշխատակազմում: