Սեպտեմբերի
2-4-ը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունում հյուրընկալվել են Մարդու իրավունքների
դանիական հաստատության ներկայացուցիչները: Մարդու իրավունքների երկու ազգային հաստատություններն
անցկացրել են համատեղ աշխատաժողով:
Դեռևս 2024 թվականի հոկտեմբերի 22-ին ՀՀ մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ու Մարդու իրավունքների պաշտպանության դանիական
հաստատության տնօրեն Լուիս Հոլքը Երևանում ստորագրել են համագործակցության հուշագիր,
որի նպատակն է խթանել երկու հաստատությունների միջև հաղորդակցությունը, կարողությունների
զարգացման համար փորձի փոխանակումը՝ բարելավելու համար հաստատությունների աշխատանքները
մարդու իրավունքների խթանման ու պաշտպանության հարցում։ Երևանյան աշխատաժողովը կազմակերպվել
է համագործակցության նշված հուշագրի շրջանակներում:
Աշխատաժողովի շրջանակում, ի թիվս այլնի, քննարկվել
են երկու հաստատությունների միջև 2025-2026թթ. համագործակցության մանրամասները:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի
hետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավար Մերի Մամիկոնյանը և Մարդու իրավունքների
դանիական հաստատության գլխավոր խորհրդական Նինա Նորդբերգն իրենց բացման խոսքում ամփոփել
են համագործակցության ձեռք բերված միջանկյալ արդյունքները և նախանշել
համատեղ աշխատանքի հետագա նպատակները և ծրագրերը։
Որպես համագործակցության հիմնական ուղղություն
ընտրվել է մարդու իրավունքների կրթությունը, որի շրջանակներում նախատեսվում է աշխատանքներ
իրականացնել խտրականության դեմ պայքարի ոլորտում: Այս համատեքստում ՀՀ մարդու իրավունքների
պաշտպանի հաստատությունն ու Մարդու իրավունքների պաշտպանության դանիական հաստատությունը
նախաձեռնել են համատեղ միջոցառում, որի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ազգային
հարցում՝ գնահատելու Հայաստանում խտրականության առնչությամբ հասարակական ընկալումներն
ու վերաբերմունքը։
Աշխատաժողովի ավարտին կողմերը մարդու իրավունքների
պաշտպանության և խթանման ոլորտում համագործակցությունը շարունակելու և առավել զարգացնելու
պատրաստակամություն են հայտնել: