Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է «Կուսակցությունների
և ժողովրդավարության դանիական ինստիտուտի» (DIPD) և «Բազմակուսակցական ժողովրդավարության
արևելաեվրոպական կենտրոնի» (EECMD) պատվիրակությանը։
Հանդիպմանը մասնակցել են Վրաստանում DIPD-ի
ծրագրի ղեկավար, Դանիայի սոցիալ-լիբերալ կուսակցության միջազգային ղեկավար խորհրդի
փոխնախագահ Սորեն Մաթիեսենը, ծրագրի փորձագետ Հեյքոն Մոսբեքը, DIPD-ի փորձագետ, Դանիայի
«Եվրոպական շարժման» ղեկավար խորհրդի անդամ Ֆին Հարթվիգ Նիելսենը, ինչպես նաև
EECMD-ի տնօրեն Մայա Մաչավարիանին և կազմակերպության Հայաստանյան ծրագրի համակարգող
Արմենակ Մինասյանցը։
Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել
է Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես սահմանադրական անկախ մարմնի լիազորությունների
շրջանակը, աշխատանքային հիմնական առաջնահերթությունները և գործունեության հիմնական
ուղղությունները։
Նա մանրամասն անդրադարձ է կատարել նաև Հայաստանում
մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա արդի մարտահրավերներին՝ ընդգծելով
ատելության խոսքի, խտրականության և անհանդուրժողականության դրսևորումների վտանգավոր
աճը։
Հատուկ ուշադրություն է դարձվել Պաշտպանի՝ որպես
կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներին, ազատությունից զրկման վայրերում,
հոգեբուժական հաստատություններում, զինված ուժերում մշտադիտարկման առանձնահատկություններին
և արդյունքներին և երեխայի ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության,
խթանման և ոլորտի մշտադիտարկման հարցերում միջազգային կոնվենցիոն կարգավիճակներին։
Անահիտ Մանասյանը շեշտել է, որ վերջին շրջանում
նկատվում է խտրական և ատելության խոսքի տարածման մտահոգիչ միտում հատկապես առցանց հարթակներում
և մեդիադաշտում, ինչն արձանագրվում է նաև քաղաքական ու հանրային գործիչների հայտարարություններում։
Այս երևույթները, ըստ նրա, լրջորեն խաթարում են հասարակության մեջ հանդուրժողականության
և իրավահավասարության սկզբունքների ամրապնդումը և ժողովրդավարական զարգացումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև իրավապահ
մարմինների կողմից քաղաքացիների իրավունքների պատշաճ երաշխավորման հետ կապված խնդիրները։
Պաշտպանը առանձնահատուկ կարեւորել է մարդու
իրավունքների կրթության որակի բարձրացումը՝ դիտարկելով այն որպես ժողովրդավարական զարգացման
հիմք։
Հանդիպման ավարտին պատվիրակության անդամները
շնորհակալություն են հայտնել Պաշտպանին ընդունելության և ներկայացված համապարփակ տեղեկատվության
համար՝ ընդգծելով Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կարևոր դերը մարդու իրավունքների
պաշտպանության արդյունավետ համակարգի զարգացման և ժողովրդավարության ամրապնդման գործում։