Հոկտեմբերի
27-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Միջազգային իրավական
համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) Հայաստանի և Ղազախստանի հետ ծրագրերի
բաժնի ղեկավար Տատյանա Բովկունին։
Հանդիպմանը
մասնակցել է նաև հիմնադրամի երևանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանը։
Ողջունելով
հյուրերին՝ Պաշտպանը բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի և
IRZ հիմնադրամի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ կարևորելով հիմնադրամի
երևանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվող ծրագրերը։
Անահիտ
Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես սահմանադրական անկախ
մարմնի լիազորությունները, գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները,
որոնք ներառում են կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն
ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը և խթանումը, ինչպես նաև զինված ուժերում,
բռնի տեղահանված անձանց իրավունքների, հավաքների ազատության և այլ հիմնարար իրավունքների
ոլորտները։
Հանդիպման
ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում
առկա արդի մարտահրավերներին՝ ընդգծելով ատելության խոսքի, խտրականության և անհանդուրժողականության
դրսևորումների վտանգավոր աճը։
Կողմերը
քննարկել են նաև մի շարք հարցեր, որոնք վերաբերում են քրեակատարողական հիմնարկներում
և հոգեբուժական հաստատություններում գտնվող, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների,
կրոնական և ազգային փոքրամասնությունների, ինչպես նաև փախստականների և բռնի տեղահանված
անձանց իրավունքների պաշտպանությանը, ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման
խնդիրներին և այլն։
Հատուկ
քննարկման առարկա են դարձել Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի և մարդու իրավունքների
բովանդակության առնչությամբ տարածված ձևախեղված ընկալումները, որոնք հաճախ չեն համապատասխանում
ժամանակակից միջազգային չափանիշներին:
Տատյանա
Բովկունը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ բարձր
գնահատելով Պաշտպանի գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության և երաշխավորման
գործում։
Հանդիպման
ավարտին կողմերը վերահաստատել են հանձնառությունը շարունակելու և առավել խորացնելու
համագործակցությունը։