Նոյեմբերի 7-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի
քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի
ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանը հյուրընկալել է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի
ֆակուլտետի ուսանողներին:
Վլադիմիր Հովհաննիսյանը ներկայացրել է ՄԻՊ առաքելությունը, աշխատանքի
ուղղություններն ու առաջնահերթությունները, Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունների
շրջանակը, ինչպես նաև համագործակցությունը պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների,
ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ։
Նա նշել է, որ ՄԻՊ հաստատությունն անկախ, ապաքաղաքական կառույց
է, որի առաքելությունը մարդու իրավունքները պաշտպանելն է, եթե գործ ունենք պետական
և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից դրանց խախտումների հետ, ինչպես նաև իրավունքների
խթանումն է, այդ թվում` մարդու իրավունքների կրթության միջոցով։
Անդրադարձ է կատարվել ՄԻՊ հաստատությունների գործունեության
միջազգային չափորոշիչներին, որոնց խախտումները կարող են հանգեցնել տարատեսակ հետևանքների:
Հանդիպումն անցկացվել է հարց ու պատասխանի ձևաչափով, ինչը հնարավորություն
է տվել ուսանողներին բարձրաձայնել իրենց հուզող հարցերը:
Հանդիպման ավարտին Վլադիմիր Հովհաննիսյանը շնորհակալություն
է հայտնել ակտիվ և բովանդակալից քննարկման համար: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
ուսումնական հաստատությունների սաների հետ ճանաչողական հանդիպումները կրում են շարունակական
բնույթ: