Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները
նոյեմբերի 24-ին այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական
հիմնարկ:
Տեղի են ունեցել
առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ Լիդյա Մանթաշյանի հետ: Ավելի
վաղ, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անձամբ էր այցելել քրեակատարողական
հիմնարկ և տեսակցել վերջինիս:
Ուսումնասիրվել
են անձանց իրավունքների ապահովման վիճակը, պահման պայմանները և այլն:
Առանձնազրույցի
ընթացքում Լիդյա Մանթաշյանը քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և պահման պայմանների
վերաբերյալ բողոքներ չի ներկայացրել: Միևնույն
ժամանակ, մտահոգություն է հայտնել քրեական վարույթի շրջանակում տևական ժամանակ իր նկատմամբ
ընտրված խափանման միջոց կալանքի իրավաչափության վերաբերյալ: Համանման խնդիր պարբերաբար
բարձրաձայնում են նաև ազատությունից զրկված այլ անձինք: Կալանքի կիրառման հետ կապված
խնդիրներին մշտապես է անդրադառնում Մարդու իրավունքների պաշտպանը:
Նկատի ունենալով,
որ Հայաստանի Հանրապետությունում կալանքի կիրառման պրակտիկան շարունակում է մտահոգիչ
մնալ, Մարդու իրավունքների պաշտպանը՝ պահպանելով կոնկրետ գործով դատարանի գործունեությանը
չմիջամտելու պահանջը՝ այնուամենայնիվ հարկ է համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ կալանքը
որպես խափանման միջոց կարող է ընտրվել միայն բացառիկ դեպքերում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար
է վարույթի ընթացքում մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու համար:
Մարդու իրավունքների
պաշտպանը ևս մեկ անգամ իրավասու մարմինների ուշադրությունն է հրավիրում նշված հարցին՝
հաշվի առնելով, որ կալանքի ինստիտուտի չարաշահումը կարող է լրջորեն վնասել քրեական
արդարադատության ամբողջ շղթայի նկատմամբ վստահությունը և առաջացնել այլ համակարգային
խնդիրներ։