Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի
24-ին հյուրընկալել է ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ, ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ
ներկայացուցիչ Լուիս Գրասայի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով
հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է իր աշխատանքի հիմնական ուղղությունները
և մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները։
Զրուցակիցներն
անդրադարձել են մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցերի, այդ թվում՝ խտրականության,
ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի հաղթահարման կարևորությանը, այդ
ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:
Մարդու իրավունքների
պաշտպանը խոսել է իրավունքներին առնչվող մի շարք հարցերի շուրջ, որոնք, ի թիվս այլնի,
վերաբերում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը,
քրեական վարույթի շրջանակներում իրավունքների երաշխիքների պահպանման կարևորությանը,
կալանքի կիրառման իրավաչափության չափանիշներին։
Անահիտ Մանասյանը
հատուկ անդրադարձ է կատարել Ադրբեջանում կամայականորեն ազատությունից զրկված հայերի
նկատմամբ իրականացվող գործընթացների՝ մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց
լինելու հանգամանքին:
Ի թիվս այլնի,
քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ոլորտում համագործակցությունն
ընդլայնելու հնարավորությունների հետ կապված հարցեր: