Նոյեմբերի
25-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է «Ընդդեմ գենդերային
բռնության ակտիվության 16-օրյակի» ամենամյա միջազգային քարոզարշավի մեկնարկին նվիրված
համաժողովին և հանդես եկել ողջույնի խոսքով։
Այս տարի
քարոզարշավը կրում է «Միավորենք մեր ջանքերը՝ հանուն անվտանգ թվային միջավայրի» խորագիրը,
որը համահունչ է ժամանակակից մարտահրավերներին՝ ընդգծելով թվային անվտանգությունը`
որպես մարդու իրավունքների պաշտպանության կարևոր բաղադրիչ։
Ողջունելով
մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ այս խորհրդանշական օրը ևս մեկ հնարավորություն
է ոչ միայն բարձրաձայնելու կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանության առաջնահերթության
մասին, այլև ընդգծելու այդ ուղղությամբ միասնական ու համակարգային աշխատանքի անհրաժեշտությունը.
«Անհնար է պատկերացնել մարդու իրավունքների պաշտպանության լիարժեք ու արդյունավետ համակարգ,
եթե հասարակությունում բացակայեն հանդուրժողականությունն ու համերաշխությունը։ Ցավոք,
մինչ օրս շարունակում են լայն տարածում ունենալ գենդերային հիմքով բռնության տարբեր
դրսևորումներ, ներառյալ` կանանց և աղջիկների նկատմամբ հոգեբանական, տնտեսական, սեռական
և բռնության այլ տեսակները։ Շեշտում եմ՝ խոսքը միայն ֆիզիկական բռնության մասին չէ:
Խնդիրը շատ ավելի խորքային է, և մարդիկ հաճախ չեն էլ ճանաչում բռնության տեսակներն,
արդյունքում` չեն էլ պայքարում բռնության դեմ»։
Անդրադառնալով
ոլորտի համակարգային բարելավման անհրաժեշտությանը՝ Անահիտ Մանասյանը կարևորել է մարդու
իրավունքների կրթության զարգացումը՝ նշելով, որ կրթական միջավայրում սերմանվող արժեքները
կարող են առանցքային դեր խաղալ կարծրատիպերի հաղթահարման, հավասարության ընկալման խորացման
և բռնության կանխարգելման գործում։
Միջոցառմանը
ողջույնի խոսքով հանդես են եկել նաև ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը,
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ
Ժակոբը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը։
Միջոցառումն
իրականացվում է ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից՝ «Մարդու
իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի
շրջանակում և Եվրոպական միության աջակցությամբ։