Նոյեմբերի
26-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների
պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի հերթական առցանց նիստը, որը նվիրված էր
«Child Safeguarding»՝ երեխայի պաշտպանության և նրա համար անվտանգ միջավայրի ապահովման
նպատակով մշակվող հստակ քաղաքականությանը։
«Child
Safeguarding» քաղաքականությունը կազմակերպության ներսում սահմանված պարտադիր կանոնների
ու ընթացակարգերի համակարգ է, որի նպատակն է կանխել երեխային վնասելու կամ շահագործելու
գործելակերպը։ Քաղաքականությունը սահմանում է աշխատակիցների և կազմակերպության գործընկերների
վարքագծային չափանիշները, պատասխանատվությունը երեխայի անվտանգության ապահովման գործում,
ռիսկերի կանխարգելման մեխանիզմները, ինչպես նաև միջադեպերին պատշաճ արձագանքելու գործընթացները։
Մարդու
իրավունքների պաշտպանի հաստատությունը, համագործակցելով Եվրոպայի խորհրդի հետ, սկսել
է «Child Safeguarding» քաղաքականության մշակման գործընթացը «Հայ երեխաների իրավունքների
պաշտպանությունը հետկոնֆլիկտային համատեքստում» ծրագրի շրջանակում, որը ներառված է
Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող 2023–2026 թվականների գործողությունների
ծրագրում և հանդիսանում է Հայաստանում փախստականների ներհոսքին արձագանքող համալիր
աջակցության փաթեթի բաղադրիչ։
Նիստի
ընթացքում Եվրոպայի խորհրդի փորձագետները ներկայացրել են «Child Safeguarding» քաղաքականության
առանցքային սկզբունքներն ու լավագույն միջազգային փորձը՝ շեշտելով, որ երեխայի հետ
աշխատող յուրաքանչյուր կառույց պետք է իրականացնի հստակ մշակված քաղաքականություն և
մեթոդաբանություն՝ երեխայի հետ տարբեր տեսակի միջոցառումներ և նախաձեռնություններ իրականացնելիս։
Քննարկման
ընթացքում փորձագետները մանրամասն ներկայացրել են նաև այն մեխանիզմները, որոնք ապահովում
են երեխայի անվտանգ մասնակցությունը միջոցառումներին, այդ թվում՝ առցանց միջավայրում։
Անդրադարձ է կատարվել ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական անվտանգությունն ապահովող
պահանջներին, անձնակազմի և ներգրավված մասնագետների համապատասխան պատրաստվածության
անհրաժեշտությանը, հատուկ հմտությունների տիրապետմանը, ինչպես նաև երեխայի հետ աշխատելիս
վարքագծի հստակ կանոնների պահպանմանը։
Առանձնահատուկ
ուշադրություն է դարձվել երեխայի անձնական տվյալների պաշտպանությանն առնչվող հարցերին։
Մասնավորապես ներկայացվել են այն պարտադիր ընթացակարգերը, որոնք պետք է պահպանվեն երեխայի
մասնակցությամբ լուսանկարների, տեսանյութերի, հարցազրույցների և այլ տվյալների հավաքագրման,
մշակման, տարածման և հրապարակման ընթացքում՝ ապահովելով երեխայի անձնական տվյալների
անվտանգությունն ու գաղտնիությունը։