Մարդու
իրավունքների պաշտպանը՝ որպես Կանխարգելման ազգային մեխանիզմ, իր գործունեության շրջանակներում
Ծաղկաձորում դեկտեմբերի 19-20-ին կազմակերպել էր «Խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի
կանխարգելումը» խորագրով երկօրյա վերապատրաստման դասընթաց՝ պետական մարմինների ներկայացուցիչների
համար։
Դասընթացին մասնակցել են Արդարադատության, Առողջապահության,
Աշխատանքի և սոցիալական հարցերի, Ներքին գործերի նախարարությունների, Քրեակատարողական
ծառայության և քրեակատարողական հիմնարկների, «Քրեակատարողական բժշկության կենտրոն»
ՊՈԱԿ-ի, ՆԳՆ Ոստիկանության համայնքային ծառայության աշխատակիցները։
Բացման խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության
դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի
կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի
կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը և ՄԱԶԾ Մարդու իրավունքների ծրագրի
համակարգող Տիգրան Գրիգորյանը։
Միջոցառման նպատակն էր ներկայացնել Կանխարգելման
ազգային մեխանիզմի մանդատն ու գործառույթները, նպաստել ոլորտային աշխատողների մասնագիտական
կարողությունների ամրապնդմանը և փոխգործակցության խթանմանը՝ ի նպաստ խոշտանգումների
և վատ վերաբերմունքի կանխարգելման արդյունավետ համակարգի ձևավորման։
ՄԻՊ ներկայացուցիչները բացման խոսքում կարևորել
են այս ձևաչափով շարունակական վերապատրաստումների իրականացումը և վերահաստատել, որ
ոլորտում առկա խնդիրները հնարավոր չէ լուծել միայն դրանք արձանագրելով, կամ դրանք ուղղակի
բարձրաձայնելով՝ այլ այդ խնդիրները համատեղ, համակարգված ջանքերի շնորհիվ ճանաչելի
դարձնելով և համագործակցային հարթակում լուծումներ գտնելով։
Դասընթացը վարել է Լաուրա Գասպարյանը և ՄԻՊ
աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետի տեղակալ
Հովհաննես Ղուկասյանը։
Լաուրա Գասպարյանը մասնակիցներին է ներկայացրել
Կանխարգելման ազգային մեխանիզմի մանդատն ու գործառույթները, խոշտանգման իրավական սահմանումը
և հասկացությունը ներպետական իրավական համակարգում և միջազգային փաստաթղթերում, խոշտանգումների
կանխարգելման ոլորտի միջազգային փաստաթղթերը և ԽԿԿ չափանիշները։
Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպական Միության
կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների
հզորացում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Միավորված ազգերի կազմակերպության
զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Միավորված ազգերի կազմակերպության բնակչության
հիմնադրամի հետ համատեղ։