Փետրվարի
25-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է «Իրավական նախաձեռնությունների
կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Նարե Հովհաննիսյանին։
Պաշտպանը
ողջունել է հյուրին և շնորհակալություն հայտնել արդյունավետ համագործակցության համար՝
կարևորելով ոլորտում առկա խնդիրների պրոֆեսիոնալ և հետևողական հասցեավորումը։
Հանդիպման
ընթացքում քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում
համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել քրեակատարողական
համակարգում առկա խնդիրներին, ոլորտի մասնագետների գենդերազգայուն պատրաստվածության
կարևորությանը, ինչպես նաև հանրային իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությանը։
Հանդիպման
շրջանակում Նարե Հովհաննիսյանը ներկայացրել է իր ղեկավարած «Իրավական նախաձեռնությունների
կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ծրագիրը՝ անդրադառնալով դրա
նպատակներին, թիրախային ուղղություններին և ակնկալվող արդյունքներին։ Քննարկվել են
նաև հետագա համագործակցության հնարավորությունները և համատեղ նախաձեռնությունների իրականացման
հեռանկարները։
Անահիտ
Մանասյանը կարևորել է ոլորտում աշխատակիցների վերապատրաստումների շարունակականությունը՝
ընդգծելով, որ մասնագիտական կարողությունների զարգացումն ու արդիական գիտելիքների ապահովումը
մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության առանցքային նախապայմաններից են։
Պաշտպանը
նաև կարևորել է իրավապաշտպանների շրջանում համերաշխությունն ու միասնական ջանքերը՝
ընդգծելով, որ դրանք վճռորոշ դեր ունեն ոլորտային բարեփոխումների իրականացման և համակարգային
խնդիրների հաղթահարման գործում։
«Այս ոլորտում
մեզանից յուրաքանչյուրն ունի իր հստակ գործառույթները։ Նպատակին չենք կարող հասնել
միայնակ։ Համագործակցության ծրագրերը կարևոր են, խնդիրները բազմաթիվ են, և այս ուղղությամբ
անհրաժեշտ են բազմակողմանի ու հետևողական քայլեր։ Քաղաքացիական հասարակության պատշաճ
ներգրավվածությունն առանցքային նշանակություն ունի»,– ընդգծել է Պաշտպանը։
Անահիտ
Մանասյանը վերահաստատել է, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերների
հաղթահարումը հնարավոր է միայն պետական մարմինների,
քաղաքացիական հասարակության և մյուս շահագրգիռ կողմերի միջև կառուցողական ու համակարգված
համագործակցության պայմաններում։