Մարտի 3-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը
մասնակցել և բացման խոսքով հանդես է եկել «Գենդերային հավասարությունը որպես ժողովրդավար
ընտրությունների հիմնասյուն» խորագրով աշխատաժողովին։
Ողջունելով ներկաներին և կարևորելով աշխատաժողովի անցկացումը
համապետական ընտրություններին ընդառաջ՝ Պաշտպանը նշել է, որ քննարկումը կարևոր հնարավորություն
է ընձեռում բարձրաձայնելու ընտրական գործընթացում ներառական և գենդերային հավասարության
երաշխավորման հարցերը, որոնք առանցքային նշանակություն ունեն ընտրական գործընթացների
պատշաճ կազմակերպման առումով։
Պաշտպանն ընդգծել է, որ թեև հանրապետությունում վերջին տարիներին
արձանագրվել են դրական և էական զարգացումներ, մասնավորապես՝ Ազգային ժողովում և այլ
մարմիններում կանանց ներգրավվածության մակարդակի աճ, այնուամենայնիվ այս համատեքստում
դեռևս պահպանվում են մի շարք խնդիրներ, որոնք պահանջում են հետևողական և համակարգային
մոտեցում։
Անդրադառնալով ընտրվելու իրավունքի իրացմանը՝ Անահիտ Մանասյանը
նշել է, որ շարունակում են պահպանվել կանանց հանրային կյանքում ներգրավմանը խոչընդոտող
նախապաշարմունքներն ու կարծրատիպերը, հատկապես՝ մարզային և գյուղական համայնքներում։
Պաշտպանի համոզմամբ՝ այդ կարծրատիպերի հաղթահարումը պահանջում է շարունակական համատեղ
քայլեր։
«Հատկապես մարզային բնակավայրերում դեռևս գերիշխում է այն մոտեցումը,
ըստ որի՝ կինը հիմնականում պետք է զբաղվի «տնային գործերով», երեխաների դաստիարակությամբ
և «ընտանեկան պարտականություններով»։ Սոցիալական դերերի այսպիսի ընկալումները շարունակում
են լուրջ խնդիր մնալ հանրային կյանքում կանանց ներգրավվածության ապահովման տեսանկյունից»,
– նշել է Անահիտ Մանասյանը։
Գենդերային հավասարության և կանանց իրավունքների ոլորտում առկա
մարտահրավերների համատեքստում Պաշտպանը ներկայացրել է նաև իր հանրային գործունեության
ընթացքում հանդիպող խնդիրները՝ ընդգծելով որպես կին թիրախավորման լայն տարածում ունեցող
դեպքերը հանրային և մեդիա դաշտում, այդ թվում՝ սոցիալական ցանցերում։ Անահիտ Մանասյանի
խոսքով նման երևույթները շատ կանանց հետ են պահում քաղաքական և հանրային գործընթացներին
մասնակցելուց։
Պաշտպանն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել նաև կրկնակի
խոցելիության իրավիճակում գտնվող կանանց խմբերին։ Մասնավորապես՝ ազգային փոքրամասնությունների
համայնքներում կանանց մասնակցությունը ընտրական գործընթացներին շարունակում է մնալ
խիստ սահմանափակ։ Որպես օրինակ՝ Պաշտպանը նշել է եզդիական համայնքում կանանց ներգրավվածության
ցածր մակարդակը։
Անահիտ Մանասյանը կարևորել է նաև հաշմանդամություն ունեցող կանանց
մասնակցության ընդլայնումը ընտրական գործընթացներին՝ ընդգծելով, որ այստեղ անհրաժեշտ
է առանձնահատուկ և թիրախային ուշադրություն՝ ինչպես ընտրելու, այնպես էլ՝ ընտրվելու
իրավունքի իրացման տեսանկյունից։
Պաշտպանը հատուկ անդրադարձել է նաև ընտրական գործընթացներում
կանանց հետ կապված հարցերի ոչ զգայուն օգտագործմանն ու քաղաքական նպատակներով գործիքայնացմանը,
դա համարելով համակարգային լուրջ խնդիր։ «Հաճախ քաղաքական դերակատարները չեն գիտակցում,
որ օգտագործում են խնդրահարույց խոսույթ և թիրախավորում են կանանց։ Սրան նպաստում են
զանգվածային լրատվության որոշ միջոցներ և մասնագիտական համայնքի ներկայացուցիչներ,
որոնք խորացնում են այդ երևույթը՝ նպաստելով նման խոսույթի տարածմանը»։
Պաշտպանը շեշտել է, որ անհրաժեշտ է համախմբված և համակարգված
աշխատանք բոլոր դերակատարների կողմից՝ այդ թվում` կրթական ոլորտում և մասնագիտական
համայնքներում՝ ձևավորելու գենդերազգայուն և պատասխանատու մոտեցումներ։
Ամփոփելով խոսքը՝ Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործընկերներին, քաղաքացիական
հասարակության ներկայացուցիչներին և պետական մարմիններին՝ հարցը հանրային օրակարգում
պահելու և խնդիրների հասցեագրման ուղղությամբ ջանքերի համար։
Աշխատաժողովի շրջանակում անցկացված պանելային քննարկմանը մասնակցել
է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի
ղեկավարի տեղակալ Լիլիթ Վարագյանը։
Աշխատաժողովը կազմակերպվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից` Հայաստանում ՄԱԶԾ «Բարեփոխումների խթանում՝
Հայաստանում ընտրական համակարգերի թափանցիկ և ներառական կառավարման նպատակով» ծրագրի
շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության, Գերմանիայի, Նորվեգիայի և Շվեդիայի
կառավարությունների կողմից և իրականացվում է Միջազգային IDEA հիմնադրամի հետ համատեղ՝
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործընկերությամբ։