Մարտի
2-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են այցելել Չարենցավանի թիվ 2 հիմնական
դպրոցի աշակերտները:
Պաշտպանի
աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Լիլիթ Աղաջանյանը աշակերտներին
ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի առաքելությունը, լիազորությունների
շրջանակը, ինչպես նաև գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները,
որոնք ներառում են հասարակության տարբեր խմբերի՝ այդ թվում երեխաների իրավունքների
պաշտպանությունը։
Մասնավորապես,
անդրադարձ է կատարվել երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման և արդյունավետ արձագանքման
մեխանիզմներին, առցանց հարթակներում անվտանգության ապահովմանը, երեխայի աշխատանքային
իրավունքների իրացման առանձնահատկություններին, ինչպես նաև անչափահասների քրեական պատասխանատվության
հետ կապված իրավական հարցերին։ Հատուկ ուշադրություն է դարձվել երեխայի լավագույն շահի
սկզբունքի ապահովմանը տարբեր իրավիճակներում:
Հանդիպումն
անցկացվել է ինտերակտիվ ձևաչափով, որի ընթացքում աշակերտները հնարավորություն են ունեցել
բարձրաձայնելու իրենց մտահոգությունները և ստանալու մասնագիտական պարզաբանումներ։
Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնական հաստատությունների սաների հետ կազմակերպվող
ճանաչողական հանդիպումները կրում են շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով բարձրացնել
երեխաների իրազեկվածությունը և խթանել նրանց ակտիվ մասնակցությունն իրենց իրավունքների
պաշտպանության գործընթացում։