Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող 8 հատուկ դպրոցներում, 1 գիշերօթիկ խնամքի հաստատությունում և 1 մանկատուն կատարած մշտադիտարկման այցերի արդյունքները:
Աշխատանքի և սոցիալական հարցերի, Կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող հաստատություններում արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները՝
- երեխաների նկատմամբ և երեխաների միջև բռնության, ինչպես նաև աշխատանքի շահագործման մասին տվյալներ.
- դեղերի պահպանման և խոտանման կարգի խախտումներ,
- խոհանոցային տարածքների սանիտարահիգիենիկ վիճակի հետ կապված խնդիրներ.
- հայտնաբերվել է ժամկետանց սնունդ, ինչպես նաև դեպքեր, երբ երեխաներին չի տրամադրվել բավարար քանակությամբ ձկնեղեն, կաթնամթերք և միրգ.
- հաստատությունների ննջասենյակներում եղել են գերբնակեցման դեպքեր.
- հայտնաբերվել են թերություններ՝ կապված գրեթե բոլոր հաստատություններում ընդունելության փաստաթղթերի հետ (օրինակ՝ առկա չեն եղել կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ վկայագրեր, ծնողների դիմումներ, ուղեգրեր).
- հատուկ նպատակով նախատեսված մեկուսարանները օգտագործվել են որպես պահեստ, իսկ մեկուսարաններում գտնվող անկողնային պարագաները եղել են սանիտարահիգիենիկ անընդունելի վիճակում: Անգամ մեկ դեպքում հայտնաբերվել են կրծող կենդանիների արտաթորանքներ.
- մի շարք հաստատությունների գործունեությունը չի համապատասխանում այդ հաստատության համար սահմանված տիպին.
- արձանագրվել են լոգարանների պատուհանների թափանցող ապակիներ, որի պատճառով լոգարանի ներսի հատվածը տեսանելի է եղել նույն հարթության վրա գտնվող բակից.
- արձանագրվել են դեպքեր, երբ զուգարանակոնքերն առանձնացված չեն եղել միջնորմերով․
- սանհագույցներում հիմնականում բացակայել է զուգարանի թուղթ, հեղուկ օճառ և այլ սանիտարահիգիենիկ պարագաներ.
- մի շարք հաստատությունների ննջասենյակներում վարագույրներ կախված չեն եղել, բացակայել են ներքնակներ, անձնական հիգիենայի պարագաներ, հայտնաբերվել են աղտոտված անկողնային պարագաներ, անբավարար քանակությամբ կողապահարաններ,
- աշխատանքային ժամերից հետո հաստատություններում բուժանձնակազմ, որպես կանոն, չի լինում.
- շենքային պայմանները հիմնականում հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող երեխաների համար.
- որոշ հաստատություններում բացակայել են բողոքարկման արկղեր և բողոքարկման ընթացակարգեր նախատեսված չեն եղել և այլն:
Առանձին հաստատությունների հետ կապված արձանագրվել են նաև դրական զարգացումներ:
Նշված բոլոր հաստատություններում մշտադիտարկման արդյունքներն ամփոփվել են միջազգային ընդունված պահանջներին համապատասխան: Դրանք լուծումների կոնկրետ առաջարկություններով ներկայացվել են իրավասու մարմիններին:
Մարդու իրավունքների պաշտպանը հետևողական է լինելու արձանագրված խնդիրների լուծման հարցում: