Տառատեսակների չափսեր 1
Կայքի գույներ
Տողերի միջարածություն
Տառերի միջարածություն
Տառատեսակ
Ենթավերնագիր դրեք ձեր էլ.փոստին, և մենք միշտ ձեզ կտրամադրեք տեղեկություններ և թարմացուըմներ: Ամեն շաբաթ։ (ոչ սպամ)


Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 17-ին Հայաստանի ազգային պատկերասրահում մասնակցել և որպես բանախոս հանդես է եկել «Մարդկության դեմքը, արվեստ, մշակութային դիվանագիտություն և հումանիզմ» խորագրով ֆորումի շրջանակում կազմակերպված «Մարդկության դեմքը, արվեստ և հումանիզմ» վերտառությամբ պանելային քննարկմանը։
Քննարկման մոդերատորն էր մշակութային մարդաբան, ազգագրագետ Աղասի Թադևոսյանը։
Պաշտպանն իր ելույթում անդրադարձել է մարդու իրավունքների պաշտպանության համակարգի հիմքում ընկած արժեքներին, նրանց փոխկապվածությանը մշակույթին, ինչպես նաև արվեստի միջոցով մարդու իրավունքների գաղափարների տարածման կարևորությանը։
Անահիտ Մանասյանի խոսքով՝ «Մենք պետք է հասնենք այն իրական ընկալման, որ հասարակական համակարգերի առանցքում մարդն է՝ որպես բարձրագույն արժեք, իսկ նրա արժանապատվության նկատմամբ հարգանքը, մարդու համար ինքնաիրացման և ինքնադրսևորման հնարավորությունների ապահովումը առաջնային նպատակ են»:
«Տարբեր քննարկումների շրջանակներում, երբ ես քննադատություն եմ հնչեցնում և որևէ հարցի հետ կապված ընդգծում եմ, որ անկախ իրավիճակից` մարդը պետք է լինի բարձրագույն արժեք, իսկ նրա արժանապատվությունը` պաշտպանության ենթակա առաջնային գաղափար, առաջին միտքը, որով փորձում են հակադարձել, ընդ որում` դա նկատում եմ նաև հանրային քննարկումների շրջանակներում, այն է, որ մշտապես կան ավելի բարձր ու մեծ արժեքներ` հանրային շահ, անվտանգություն և այլն։ Սա ցույց է տալիս, որ հասարակության մեջ դեռևս չենք կարողացել ձևավորել այն հանրային ընկալումը, որ մարդը պետք է լինի հասարակական համակարգի բարձրագույն արժեքը»,- նշել է Պաշտպանը։
Նա ընդգծել է նաև, որ իրավական պետության կայացվածության կարևոր չափանիշներից է այն, թե որքանով են պաշտպանված առավել խոցելի վիճակում գտնվող մարդիկ։ Պաշտպանի դիտարկմամբ՝ պատմականորեն հասարակության ուշադրությունը հաճախ կենտրոնացած է եղել այն խմբերի վրա, որոնք իրենց ձայնը լսելի դարձնելու ավելի մեծ հնարավորություններ ունեն, մինչդեռ առավել խոցելի վիճակում գտնվող անձինք շատ դեպքերում զրկված են իրենց իրավունքների և խնդիրների մասին բարձրաձայնելու բավարար հնարավորություններից։
«Մենք պետք է ստեղծենք այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուրը կզգա, որ իրավունքներին առնչվող խնդիրներին դեմ առ դեմ ինքը միայնակ չէ»,- ընդգծել է Պաշտպանը:
Այս համատեքստում Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց, ազգային փոքրամասնությունների և այլ խմբերի իրավունքների պաշտպանությանն ուղղված պետական պատշաճ քաղաքականության անհրաժեշտությանը՝ ընդգծելով, որ նրանց համար համապատասխան պայմանների ստեղծումը, կրթության և աշխատանքի իրավունքների իրացման, ներառական միջավայրի ապահովումը պետք է դիտարկվեն ոչ թե երկրորդական, այլ մարդու իրավունքների պաշտպանության համակարգի անբաժանելի մաս։
Պաշտպանը կարևորել է նաև արվեստի և մշակույթի միջոցով այս գաղափարների հանրայնացման և հասարակության տարբեր խմբերի համար հասանելի դարձնելու հնարավորությունը` հանրային իրազեկման տարբեր ձևաչափերի կիրառմամբ, որոնք հնարավորություն են տալիս այդ արժեքների շուրջ ձևավորելու կառուցողական երկխոսություն։
Պանելային քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև իրավունքի և մշակույթի փոխկապվածությանը, մեր հասարակական միջավայրում առկա հիմնական մարտահրավերներին, ինչպես նաև թանգարանների և այլ մշակութային հաստատությունների դերակատարությանը` մարդու իրավունքների արժեքների տարածման գործում։
Քննարկվել են նաև այն հարցերը, թե ի՞նչն է թանգարանը դարձնում իսկապես հումանիստական տարածք, արդյո՞ք արվեստը կարող է հումանիզացնել հասարակությունը, և ովքե՞ր են պատասխանատու հանրության տարբեր խմբերի համար մշակույթի և արվեստի հասանելիությունն ապահովելու հարցում։
Որպես բանախոսներ՝ քննարկմանը հանդես են եկել նաև Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցահանդեսների կազմակերպման բաժնի ղեկավար Վիգեն Գալստյանը, ՀՀ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և բազմակողմ կրթամշակութային համագործակցության բաժնի վարիչ Օլգա Դավթյան:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 17-ին Հայաստանի ազգային պատկերասրահում մասնակցել և որպես բանախոս հանդես է եկել «Մարդկության դեմքը, արվեստ, մշակութային դիվանագիտություն և հումանիզմ» խորագրով ֆորումի շրջանակում կազմակերպված «Մարդկության դեմքը, արվեստ և հումանիզմ» վերտառությամբ պանելային քննարկմանը։

Սեպտեմբերի 16-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի նախաձեռնությամբ քննարկում է անցկացվել ՁՊՎ-ներում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲ ընկերության և ՀՀ առողջապահության նախարարության «Հանրապետական Շտապօգնություն ծառայություն» ՓԲ ընկերության բուժաշխատողների կողմից ազատությունից զրկված անձանց բժշկական զննության ենթարկելու, խոշտանգման ենթադրյալ դեպքերի պատշաճ արձանագրման և իրազեկման թեմայի շրջանակներում արձանագրված խնդիրների և դրանց լուծմանն ուղղված առաջարկների կատարման ընթացքի վերաբերյալ:
-6aaa6b0d96102.webp&w=1920&q=75)
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կազմակերպվել է աշխատանքային քննարկում պետական իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ՝ ազատությունից զրկված ծնողների՝ իրենց երեխաների հետ տեսակցությունների կազմակերպմանն առնչվող հարցերի շուրջ։

Սեպտեմբերի 15-ին տեղի ունեցավ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր Կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի և Ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհրդի համատեղ ընդլայնված նիստ-համաժողովը։