ՀՀ մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 11-ին այցելել է Երևանի Ռոբերտ Աբաջյանի
անվան թիվ 147 հիմնական դպրոց և դասախոսությամբ հանդես եկել բարձր դասարանների աշակերտների
համար։
Այցն իրականացվել
է ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկման
և մարդու իրավունքների կրթության գործառույթների համատեքստում։
Իր ելույթում
Պաշտպանը շեշտել է դպրոցականների հետ այս ձևաչափով հանդիպումների կարևորությունը՝ որպես
մարդու իրավունքների կրթության ամրապնդման արդյունավետ միջոց։
«Կրթությունն
ինձ համար մարդու իրավունքների պաշտպանության, համերաշխ և հանդուրժող միջավայրի ձևավորման
համատեքստում ունի առաջնային կարևորություն։ Այսօրվա քաղաքակիրթ աշխարհում անհնար է
պատկերացնել մարդու իրավունքների պաշտպանության համակարգը առանց կրթական պատշաճ միջավայրի»,-
նշել է Պաշտպանը։
Անահիտ
Մանասյանն աշակերտներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության
ուղղությունները, լիազորությունների շրջանակը, խոսել մարդու իրավունքների պաշտպանության
ոլորտում առկա մարտահրավերների և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին։ Անդրադարձ
է կատարվել նաև Մարդու իրավունքների պաշտպանին կից երեխաների իրավունքների պաշտպանության
հարցերով հասարակական խորհրդի գործունեությանը։
Հանդիպումը
կրել է հարց ու պատասխանի ձևաչափ՝ ընդգրկելով մի շարք կարևոր թեմաներ, այդ թվում՝ իրավահավասարություն,
խտրականության բացառում, կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց և ազգային
փոքրամասնությունների իրավունքների պաշտպանություն։
Քննարկվել
են նաև բուլինգի, դրա բացասական հետևանքների ու կանխարգելման միջոցների հետ կապված
հարցեր։
Ամփոփելով
խոսքը՝ Անահիտ Մանասյանը կարևորել է յուրաքանչյուրիս ջանքերի համատեղումը սեփական միջավայրում
որևէ դրական փոփոխության իրականացնելու, մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում
առկա խնդիրները հաղթահարելու նպատակով:
Այցի ավարտին
Անահիտ Մանասյանը շրջել է դպրոցում՝ տեղում ծանոթանալով ուսումնական հաստատության պայմաններին,
դպրոցական առօրյային և զրույցներ է ունեցել դպրոցի տնօրինության և անձնակազմի, ինչպես
նաև աշակերտների հետ։