Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 19-ին
Լոռու մարզի երիտասարդների համար վարպետաց դաս է անցկացրել:
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) Դեբետ գյուղում տեղակայված
ՍՄԱՐԹ կենտրոնում տեղի ունեցած միջոցառման նպատակն էր բարձրացնել մասնակիցների իրազեկվածությունն իրենց իրավունքների
առնչությամբ և երիտասարդների համար ստեղծել որոշումների կայացման գործընթացում ներգրավվելու
հնարավորություններ:
Ողջունելով մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու
իրավունքների պաշտպանի առաքելությունը, աշխատանքի ուղղություններն ու առաջնահերթությունները,
իր իրավասությունների շրջանակը։
«Ինձ համար շատ կարևոր են նման հանդիպումները երիտասարդների
հետ՝ փորձի փոխանակման, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները
վեր հանելու և միասին դրանց լուծման տարբերակներ գտնելու, ինչպես նաև իրենց վերաբերելի
հարցերի առնչությամբ որոշումների կայացման գործընթացում երիտասարդներն ներգրավելու
համատեքստում»,- ասել է Անահիտ Մանասյանը։
Պաշտպանն անդրադարձել է տարբեր գործընթացներում երիտասարդների
մասնակցության կարևորութանը.«Երիտասարդների իրավունքների իրացումը, այդ թվում՝ մասնակցության,
պետք է կարողանանք ապահովել ոչ միայն Երևանում, այլև ողջ հանրապետության տարածքում՝
մարզային լայն սփռմամբ՝ ներգրավելով բոլոր հնարավոր բնակավայրերը»,- ասել է Պաշտպանը:
Ի թիվս այլնի, Անահիտ Մանասյանն անդրադարձել է առողջության պահպանման,
կրթության, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտին և մի շարք այլ խնդիրների:
Վարպետաց դասի շրջանակներում երիտասարդները նաև իրենց հետաքրքրող
հարցերն են ուղղել Պաշտպանին և ներկայացրել իրավունքների հետ կապված խնդիրներ: Անահիտ
Մանասյանը հայտնել է իր հանձնառությունը նոր մեթոդաբանությամբ ներկայացնելու հավաքագրված
խնդիրները` իրավասու մարմինների առջև դրանք բարձրացնելու գործընթացին ներգրավելով նաև
երիտասարդներին: Առաջիկայում այդ ուղղությամբ կիրականացվեն անհրաժեշտ նախապատրաստական
աշխատանքներ:
Հանդիպման ավարտին Անահիտ Մանասյանը երիտասարդներին հանձնել
է դասընթացի մասնակցության վկայականներ:
Պաշտպան Անահիտ Մանասյանը նաև շրջայց է կատարել ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում,
ծանոթացել կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերին
և զրուցել շահառուների հետ:
Վարպետաց դասը կազմակերպվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ lll» ծրագրի կողմից: