Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 22-ին այց է իրականացրել «Ավան» հոգեկան
առողջության կենտրոն:
Նպատակն
էր տեղում ծանոթանալ հաստատության շահառուների իրավունքների իրացմանը, շենքային պայմաններին,
մատուցվող ծառայություններին, ինչպես նաև աշխատանքային պայմաններին:
Անահիտ
Մանասյանը կենտրոնի տնօրեն Արա Երեմյանի, ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ
շրջայց է իրականացրել բաժանմունքներում, զրուցել աշխատակիցների և բուժառուների հետ:
Մանրամասն
ուսումնասիրվել են բաժանմունքներում ֆիզիկական զսպման սենյակների, կիրառվող միջոցների
ընթացակարգերը: Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի
գործունեության շրջանակներում կատարված մշտադիտարկման նախորդ այցերի ընթացքում արձանագրված
շենքային պայմանների անմխիթար վիճակը մասամբ վերացվել է, մասնավորապես, որոշ բաժանմունքներ
հիմնանորոգվել և կահավորվել են անհրաժեշտ գույքով: Այս համատեքստում Պաշտպանը ողջունելի
է համարում հաստատության շենքային պայմանների բարելավմանն ուղղված պետության հանձնառությունը
և հատկապես կարևորում է պետության ջանքերի շարունակականությունը՝ ամբողջական վերանորգման
աշխատանքները հնարավորինս կարճ ժամկետներում ավարտին հասնցնելու տեսանկյունից:
Պաշտպանը
նաև շրջայց է կատարել կենտրոնի մանկական բաժանմունքում, զրուցել հոգեբուժական օգնություն
և սպասարկում ստացող երեխաների և նրանց ծնողների հետ:
Մարդու
իրավունքների պաշտպանը կարևորում է հոգեբուժական հաստատություններում աշխատանքային
պատշաճ պայմանների ապահովման հետ կապված հարցերը:
Առողջության
պահպանման իրավունքի ապահովմանն առնչվող հարցերը մշտապես գտնվում են Պաշտպանի անմիջական
ուշադրության ներքո: