Մայիսի 20-ին շարունակվել է Մարդու իրավունքների պաշտպանի և
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի համատեղ այցը Սյունիքի մարզ:
Անահիտ Մանասյանն ու Ֆրանսուազ Ժակոբն այցելել են Մեղրի համայնք:
Համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի հետ հանդիպմանը քննարկվել են համայնքում մարդու
իրավունքների հետ կապված խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը: Համայնքի
ղեկավարը նշել է, որ բնակավայրերում առկա են խմելու և ոռոգման ջրի հասանելիության,
բժշկական օգնության և սպասարկման հետ կապված և լուծման կարիք ունեցող այլ խնդիրներ:
Քննարկվել են մարզի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքներին,
մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային դերակատարների հետ համագործակցությանը վերաբերելի հարցեր:
Պաշտպանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել են նաև Ալվանք և Շվանիձոր բնակավայրեր:
Բնակավայրերի դպրոցներում հանդիպումներ են տեղի ունեցել ուսուցչական անձնակազմերի և
աշակերտների հետ: Պաշտպանը ծանոթացել է ուսումնական հաստատությունների շենքային պայմաններին,
ուսումնական գործընթացին, աշխատանքային պայմաններին: Վարչական ղեկավարների և բնակիչների
հետ քննարկվել են մարդու իրավունքներին վերաբերելի` առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները,
մասնավորապես` ջրի հասանելիության, բժշկական օգնության և սպասարկման, կրթության իրավունքի,
զբաղվածության և այլ հարցերին առնչվող:
Անահիտ Մանասյանն իր մանդատի շրջանակում կբարձրացնի քննարկված
հարցերն` առաջարկելով դրանց համար լուծումներ:
Մեղրիում հանդիպում է տեղի ունեցել նաև «Վիննեթ Հայաստան» կանանց
ռեսուրս կենտրոնի ներկայացուցիչների և շահառուների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կանանց իրավունքների պաշտպանությանն
ու խթանմանը, հաշմանդամություն ունեցող երեխաների, նրանց խնամող ծնողների իրավունքներին,
բժշկական ծառայությունների հասանելիության երաշխավորմանն առնչվող և այլ հարցեր:
Մարդու իրավունքների պաշտպանի` հանրապետությունում մարդու իրավունքներին
վերաբերելի խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով իրականացվող մարզային այցերը կրում
են շարունակական բնույթ: