Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հետևում է զանգվածային լրատվության միջոցներում
և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկություններին
և հանրային համերաշխության տեսանկյունից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստեղծված իրավիճակը
մտահոգիչ է համարում։
Պետական
իշխանությունը բացառիկ կարևորություն ունի հասարակական կյանքը կանոնակարգելու հարցում։
Միևնույն ժամանակ, Հայ Առաքելական Եկեղեցին առանցքային դերակատարություն ունի բազմաթիվ
քաղաքացիների խղճի և կրոնի ազատության իրավունքի իրացման տեսանկյունից։
Մարդու
իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ թե՛ հասարակական կարգի պահպանումը, թե՛ կրոնական
ազատությունների երաշխավորումը հնարավոր են բացառապես հանրային համերաշխության առկայության
պայմաններում։ Ուստի, Պաշտպանը կոչ է անում ցուցաբերել առավելագույն զսպվածություն,
առաջ եկած խնդիրները լուծել փոխադարձ հարգանքի, իրավունքի գերակայության արժեքների
պահպանմամբ՝ հանրային համերաշխության և հանդուրժողականության առանցքային բնույթը նկատի
ունենալով։
Իրավիճակի
էլ ավելի սրումը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների, և այդ հանգամանքը պետք է
նկատի ունենան բոլորը։