Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 30-ից հուլիսի 4-ը Ստրասբուրգում մասնակցել
է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող
վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ/CPT) 117-րդ լիագումար նիստին`
որպես Կոմիտեի` Հայաստանը ներկայացնող անդամ։
Նիստի
շրջանակում հաստատվել է 2026 թվականի պարբերական այցերի ծրագիրը, ընդունվել են
2024 և 2025 թվականներին մի շարք երկրներ կատարված այցերի վերաբերյալ զեկույցները,
մասնավորապես՝ Վրաստան, Հունաստան, Ավստրիա, Հունգարիա, Կիպրոս և Թուրքիա։
Հիշեցնենք,
որ Անահիտ Մանասյանը Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող
վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեում (ԽԿԿ, CPT) Հայաստանը ներկայացնող
անդամ է ընտրվել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից 2023 թվականի նոյեմբերի
29-ին: Անդամակցության ժամկետը մինչև 2027 թվականի դեկտեմբերի 19-ն է: