Առաջնորդությունը
պաշտոն կամ տիտղոս չէ, այլ կենսակերպ է. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը
հուլիսի 5-ին «Կանանց մասնակցության խթանումը քաղաքական և քաղաքացիական կյանքում» ծրագրի
շրջանակներում կազմակերպված «Կանանց առաջնորդությունը որպես փոփոխությունների վրա ազդելու
միջոց» թեմայով քննարկմանը հանդես է եկել հիմնական ելույթով:
Դիլիջանում
անցկացված միջոցառման նպատակն էր բարելավել երիտասարդ կանանց և աղջիկների ակտիվ ներգրավվածությունը
ժողովրդավարական գործընթացներում։ Մասնակցել է Շիրակի մարզից 25 կին:
Իր խոսքում
Անահիտ Մանասյանն անդրադարձել է առաջնորդության գաղափարին, կին առաջնորդների համար
առկա մարտահրավերներին, կանանց իրավունքների պաշտպանության և խթանման բնագավառում առկա
խնդիրներին։
«Առաջնորդությունը
տիտղոս կամ պաշտոն չէ, այլ կենսակերպ է՝ համախմբելու, ոգեշնչելու մարդկանց` հասնելու
հանրային կյանքում որևէ դրական փոփոխություն կատարելու ընդհանուր նպատակի: Այսօր կանանց
առաջնորդությունը շատ ավելի մարտահրավերային է, քան՝ տղամարդկանցը։ Կանայք շատ հաճախ
թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի։ Միևնույն
ժամանակ, եթե ընտրել եք ինչ-որ ճանապարհ թե՛ ձեր, թե՛ մարդկանց կյանքում փոփոխություններ
կատարելու համար՝ երբեք չընկճվեք այս բոլոր մարտահրավերներից», - ասել է Անահիտ Մանասյանը:
Անահիտ
Մանասյանը շեշտել է, որ առաջնորդությունը պաշտոն կամ տիտղոս չէ, այլ կենսակերպ է` անդրադառնալով
նաև իր փորձին ու անցած ճանապարհին:
«Կենսափորձիս
հետևանքով համոզվել եմ, որ անախորժությունների դեմ պայքարելու փոխարեն դրանք պարզապես
պետք է ընդունել որպես հնարավորություն, քանզի կյանքի ամենալուրջ անախորժությունները
բացահայտում են կյանքի ամենամեծ հնարավորությունները: Ավելին, երբևէ պետք չէ կառչել
որևէ գործընթացի արդյունքներից, այլ անհրաժեշտ է վայելել կյանքի յուրաքանչյուր ակնթարթը:
Կարևոր է գիտակցել, որ ամենաչնչին քայլն անգամ ամենահամարձակ մտադրությունից վստահաբար
ավելին է: Ուստի, մենք ինքներս պետք է դառնանք այն փոփոխությունը, որն ուզում ենք աշխարհում
տեսնել` ձերբազատվելով այն մտացածին պատկերացումից, որ որևէ մեկը մեր փոխարեն այդ փոփոխությունները
կարող է իրականացնել: Վստահ եմ նաև, որ յուրաքանչյուրն իր համար պետք է գտնի կյանքի
այնպիսի բանաձև, որն իրեն իրապես ներդաշնակ կդարձնի»,- ամփոփելով ասել է Անահիտ Մանասյանը:
Պաշտպանը
եզրափակել է` ընդգծելով, որ քիչ բան կարող է այդչափ ոգեշնչել և ավելի շատ եռանդ հաղորդել
մարդուն, քան մարդկանց կյանքում փոփոխություն կատարելու ձգտումը:
Հանդիպումը
կրել է ինտերակտիվ բնույթ. մասնակիցները ներկայացրել են առաջնորդության վերաբերյալ
իրենց պատկերացումները, ինչպես նաև հարցեր ուղղել Պաշտպանին։
Քննարկումը
կազմակերպել է «Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպությունը՝ Ժողովրդավարության
աջակցության ազգային հիմնադրամի (NED) աջակցությամբ: