ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Սլովակիայի
Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկին հուլիսի 16-ին այց
են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։
Այցին մասնակցել են նաև Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար
Թադևոսյանը, երկու երկրների օմբուդսմանական հաստատությունների, Արդարադատության նախարարության
և Քրեակատարողական ծառայության ներկայացուցիչները։
Անահիտ Մանասյանն ու Ռոբերտ Դոբրովոդսկին Քրեակատարողական ծառայության
պետ Ծովինար Թադևոսյանի և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետ Հեղինե Մարտիրոսյանի
ուղեկցությամբ շրջել են տարածքով և ուսումնասիրել հիմնարկում պահվող կին և անչափահաս
ազատությունից զրկված անձանց պահման պայմանները և իրավունքների ապահովման հետ կապված
հարցերը:
Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպանին ներկայացվել են
քրեակատարողական հիմնարկի կողմից Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկությունները
կատարելու մեթոդաբանությունը, ազատությունից զրկված անձանց ՄԻՊ աշխատակազմ անխոչընդոտ
24/7 ռեժիմով հեռախոսակապի հնարավորությունը,
անանուն հաղորդումներ ներկայացնելու մեխանիզմները և այլ գործիքակազմերը:
Այնուհետև Ռոբերտ Դոբրովոդսկին և ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել
են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր
վարչության հերթապահ ծառայության վարչության Երևան քաղաքի ձերբակալվածների պահման վայր:
ՆԳՆ ներկայացուցիչների, ՁՊՎ ղեկավար կազմի ուղեկցությամբ իրականացվել
է շրջայց, Սլովակիայի օմբուդսմանը ծանոթացել է ազատությունից զրկված անձանց պահման
պայմաններին, արտաքին աշխարհի հետ կապի, բժշկական ծառայությունների մատուցման և այլ
իրավունքների իրացման հնարավորություններին:
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է գործընկերների հետ
միջազգային համագործակցության ընդլայնումը և գործընկերության խորացումը՝ այդ թվում
փոխայցերի կազմակերպման, փորձի փոխանակման և թեմատիկ ոլորտներում համատեղ նախաձեռնությունների
իրականացման ուղղությամբ։