Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ Բռնի անհետացումների զոհերի
միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպվել է հանդիպում-քննարկում։
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական
առաքելությունների և միջազգային կազմակերպությունների կին ներկայացուցիչներ և բռնի
անհետացումների զոհերի և գտնվելու վայրն անհայտ անձանց մայրեր և կանայք:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտում առկա համակարգային
մի շարք զգայուն և առաջնահերթ լուծում պահանջող
հարցերի, ներառյալ` անձանց ճակատագրերի պարզման ուղղությամբ ակտիվ ջանքեր գործադրելուն,
իրավական պաշտպանության գործող մեխանիզմները կատարելագործելուն, միջազգային առանցքային
դերակատարների գործիքակազմերը կիրառելուն և այլ հարցերի։
Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ անձանց ճակատագրերի
մասին տեղեկություններ ստանալու իրավունքը պետք է լինի երաշխավորված, բոլոր գործընկերները
այդ ուղղությամբ պետք է առավելագույն ջանքեր գործադրեն։
Համատեղ քննարկման շրջանակում միջազգային գործընկերները ևս ներկայացրել
են իրենց մանդատի հնարավորություններն ու արդեն իսկ իրականացված աշխատանքները' ծնողների
կողմից բարձրացված խնդիրները հասցեավորելու և լուծումներ գտնելու վերաբերյալ։
Միջոցառման մասնակիցները
կարևորել են նման ձևաչափով անմիջական
ու արդյունավետ քննարկման իրականացումը։
Պաշտպանն իր հերթին նշել է, որ շարունակելու է մանդատի առավելագույն
գործադրմամբ բոլոր դերակատարներին հասցեավորել գտնվելու վայրն անհայտ և բռնի անհետացած
անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքների իրավունքների պատշաճ երաշխավորման հետ կապված
հարցերը՝ հատուկ ընդգծելով անձանց ճակատագրերի բացահայտման կարևորությունը։