ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմ 2025 թվականի ամառային զորակոչի ընթացքում զորակոչիկներից,
նրանց հարազատներից ու փաստաբաններից ստացվել է 123 գրավոր և բանավոր բողոք:
41 բողոք քննարկվել է գրավոր ընթացակարգով,
12-ի կապակցությամբ իրականացվել է արագ արձագանքում, ևս 70 քաղաքացու հարցի լուծման
առնչությամբ Պաշտպանի աշխատակազմը տրամադրել է խորհրդատվություն։
2025 թվականի ամառային զորակոչին ևս բողոքների
մեծ մասը վերաբերել են բժշկական հանձնաժողովների եզրակացությունների հետ անհամաձայնություններին
ու դրանց բողոքարկումներին, կրկնակի և ստուգիչ հետազոտություններ անցնելուն: Բացի այդ,
քաղաքացիները Պաշտպանին դիմել են նաև կրթության, գիտության, սպորտի բնագավառներում
նշանակալի նվաճումներ ունենալու հիմքով զորակոչից տարկետում ստանալու, այլընտրանքային
ծառայություն անցնելու, բժշկական փաստաթղթերը ստանալու և այլ հարցերով:
Պաշտպանի աշխատակազմն ամառային զորակոչի ընթացում
շարունակել է զորակոչին առնչվող հարցերով հստակ մեթոդաբանությամբ մի քանի ուղղություններով
աշխատանքը, մասնավորապես՝
- Բողոքներն ուսումնասիրվել և քննարկվել են
հնարավորին արագ ու սեղմ ժամկետում, որից հետո պարզաբանումների պահանջով և կոնկրետ
առաջարկություններով գրություններ են հասցեագրվել իրավասու պետական մարմիններին:
- Արագ արձագանքումների շրջանակում քննարկումներ
են նախաձեռնվել զինկոմիսարիատների, ՊՆ, ԿԳՄՍՆ, իրավասու ստորաբաժանումների, ինչպես
նաև առողջապահական կազմակերպությունների հետ:
- Զորակոչիկների փորձաքննություններին, կրկնակի
և ստուգիչ հետազոտություններին առնչվող և այլ հարցերով պարբերաբար քննարկումներ են
եղել Կենտրոնական բժշկական հանձնաժողովի հետ:
Կարևոր է նշել, որ զորակոչին առնչվող հարցերով
շարունակ աճում է անհատական գործերով աշխատանքի արդյունավետությունն ու դրական գործերի
քանակը:
Միևնույն ժամանակ, պետք է արձանագրել, որ առկա
են ոլորտային մի շարք հարցեր, այդ թվում՝ համակարգային բնույթ ունեցող, որոնց ուղղությամբ
համատեղ աշխատանքների իրականացումը և հնարավորին սեղմ ժամկետում լուծման մեխանիզմների
ներդնումը կարող են նպաստել զորակոչի գործընթացում մարդու իրավունքների պատշաճ երաշխավորմանը:
Նշվածի կապակցությամբ Պաշտպանը իրավասու պետական
մարմիններին ներկայացրել է կոնկրետ առաջարկներ, հարցին մանրամասն անդրադարձ է կատարվել
նաև տարեկան հաղորդմամբ:
Առավել մանրամասն տե´ս Պաշտանի 2024 թվականի
տարեկան հաղորդումը՝ էջեր 77-99: